Թալալյան եղբայրների անվան միջազգային 4-րդ փառատոնը նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին

Հայ հայտնի երաժիշտներ Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի պաշտոնական PR-գործընկեր, «Սփրին Գրուպ» PR ընկերության PR պատասխանատու Մարիամ Սաֆարյանը’ փառատոնն այս տարի նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Փառատոնի հատուկ հյուրերն են ԱՄՆ-ից Վադիմ Լանդոն (կլարնետ) եւ 10-ամյա դաշնակահար Մաքսիմ Լանդոն:

2008 թվականին Արամ Թալալյանի գեղարվեստական ղեկավարմամբ հիմնադրվելով որպես թավջութակային երաժշտության փառատոն’ այն 2010 թվականից ընդլայնվել է և դարձել ալտի և թավջութակի փառատոն: Հետագայում համերգային ծրագրերում ընդգրկվել են ինչպես մենակատարներ, փոքր խմբեր, այնպես էլ բազմանդամ նվագախմբեր:

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին, տարածել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների ունակությունների զարգացմանը, մարզային երաժշտական օջախների համար մշակել և իրականացնել ծրագրեր:

Փառատոնի շրջանակներում հունիսի 26-ից հուլիսի 23-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք: Փառատոնի համերգային ծրագրերի շարքը կմեկնարկի «Արս լունգա» դուետի նոր նախագծի’ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա»-ի առաջին մասին ձայնասկավառակների շնորհանդեսով, որը կկայանա հունիսի 26-ին’ժամը’ 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Շնորհանդեսն իրենց ներկայությամբ կպատվեն ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների կոմպոզիտորները:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է: «Արս լունգա» դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակներում հավաքել է 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել է դրանք ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից ? ?ազմված յուրաքանչյուր ավարտուն տուփն (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ որոշ մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում