Գրականության ինստիտուտը ընթերցողներին ներկայացրեց Թումանյանին նվիրված երկու նոր հատորները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանի գիտական ղեկավարությամբ և խմբագրությամբ հրատարակել է «Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության» տարեգրության երրորդ հատորը, իսկ դոցենտ Եվա Մնացականյանը կազմել է «Հովհաննես Թումանյանը ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ» ժողովածուի առաջին հատորը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:
«Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության» տարեգրությունն ընդգրկում է իրադարձություններ բանաստեղծի ծնունից մինչև վախճանը: Թումանյանը միակ հեղինակն է, որի կյանքի տարեգրությունը չորս հատորով է լույս տեսնելու: Օրինակ` Վարուժանի, Զոհրաբի և այլ հեղինակների կյանքի տարեգրությունը մեկ հատորով է հրատարակվել»,- ասաց Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:
Նրա խոսքով` երրորդ հատորը ներառում է Թումանյանի կյանքի և գործունեության 1915-1919 թվականներն ըստ ամիսների, օրերի, ժամերի: «Գիրքն ասես դիպաշար լինի»,-ընդգծեց տնօրենը:
Խոսելով «Հովհաննես Թումանյանը ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ» ժողովածուի մասին` նա տեղեկացրեց, որ այն երկու հատորով է լինելու: «Գրքի առաջին հատորում զետեղվել են Թումանյանին նվիրված հոդվածները, որոնք տարաբնույթ են`լավ, վատ, դրական ու բացասական: Այդ նյութերը կարդալով` հետաքրքիր զգացողություն ենք ունենում, զարմանում, որ եղել են մարդիկ, որոնք փորձել են պարզունակ համարել Թումանյանի ստեղծագործությունները, բայց ժողովուրդը գրաքննադատությունից առաջ է ընկել ու ավելի շուտ է զգացել և հասկացել Թումանյանի մեծությունը»,-եզրափակեց Դևրիկյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում