Սևանի ավազանում գտնված եզակի հնագիտական նմուշները ներկայացվեցին «Էրեբունի» թանգարանում

Սևանի ավազանում գտնված եզակի հնագիտական նմուշները ներկայացվեցին «Էրեբունի» թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կայացավ հայ ականավոր հնագետ Աշխարհբեկ Քալանթարի հիշատակին նվիրված «ՈՒԵԴՈՒՐԻԷԹԻՈՒՆԻ երկրի հնագիտական ժառանգությունը» խորագրով ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նշեց, որ ցուցադրությունում ներկայացված են Սևանա լճի ավազանի տարածքում գտնված եզակի նմուշներ:

«Ցուցադրությունը նվիրված է հայ ականավոր հնագետ, մտավորական Աշխարհաբեկ Քալանթարի հիշատակին: Այն ունի «ՈՒԵԴՈՒՐԻԷԹԻՈՒՆԻ երկրի հնագիտական ժառանգությունը» խորագիրը: Շատ քչերը գիտեն, որ մեր լեռնաշխարհում եղել է նման երկրամաս Սևանի հարավ-արևմտյան մասից մինչև հարավային մասն ընկած հատվածում: Հետաքրքիրն այն է, որ այսօրվա ՀՀ տարածքի զգալի մասը գտնվել է Էթիունի ցեղային համադաշնության կազմում, իսկ ուեդուրին հնդեվրոպական water արմատն է, նշանակում է` ջրային էթիունի: Այստեղ ներկայացված են կուր-արաքսից մինչև ուշ միջնադարի ժամանակաշրջաններին վերաբերող նյութեր, որոնց մեծ մասը երբեք ցույց չեն տրվել: Սրանք անգնահատելի և եզակի զարդեր են»,- ասաց Բադալյանը:

Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ:

«Էրեբունի թանգարանն իր ֆոնդերում ունի մեծ հավաքածու, և ցավալի է, որ այդ հավաքածուն չէր ցուցադրվում, վերջին տարիներին նաև այդ հավաքածուն համալրվեց, և քանի որ դրանք պեղել են մեր գործընկեր հնագետները, շատ տրամաբանական էր, որ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ եղավ շատ հետաքրքիր մի նախագիծ, որի արդյունքն այս ցուցադրությունն էր»,- նշեց արգելոց-թանգարանի տնօրենը:

Ցուցադրությունը հագեցվել է լուսանկարների ու մեկնաբանությունների վահանակներով, որոնք ավելի մատչելի են դարձնում ներկայացված նյութին ծանոթությունը:

Հայ ականավոր հնագետ Աշխարհբեկ Քալանթարի հիշատակին նվիրված «ՈՒԵԴՈՒՐԻԷԹԻՈՒՆԻ երկրի հնագիտական ժառանգությունը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունն այցելուների համար բաց կլինի մինչև մարտի 20-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում