Թուրքերն ու ադրբեջանցիները հակահայկական նախաձեռնություններում միավորում են ջանքերը

Ադրբեջանի սփյուռքի հարցերով պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտարարել է, որ պատրաստ են աջակցելու Թուրքիային’ 1915 թ-ի Ցեղասպանության առնչությամբ հայերի ձեռնարկած գործողություններին դիմակայելու գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով aznews.az լրատվական կայքը, Իբրահիմովն ադրբեջանական սփյուռքի իր կողմից վերահսկվող կառույցներին արդեն հրահանգել է թուրքական սփյուռքի հետ միաս նաբար գործել հայերի դեմ:

Նրա խոսքով’ այն երկրներում, որտեղ թուրքական սփյուռքը փոքրաթիվ է, հայկական հարցերի դեմ թուրքերի կողմից հանդես կգան ադրբեջանական կառույցները եւ տվյալ երկրի հանրությանը կտեղակացնեն «թուրքական ճշմարտությունները»: Իր խոսքում մեջբերելով Հեյդար Ալիեւի’ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, Ադրբեջանի պետական պաշտոնյան ասել է. «Մեկ ազգի խնդիրները չեն կարող նույնը չլինել: Հայկական հարցերը միեւնույն ժամանակ Ադրբեջանի խնդիրներն են: Ղարաբաղի հարցում էլ թուրքական սփյուռքն է աշխարհում աջակցում Ադրբեջանին:

Նազիմ Իբրահիմովը հայտնել է, իբր հայկական հարցերում թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրներից Ղազախստանն ու Ղրղզստանը եւս աջակցում են Թուրքիային եւ Ադրբեջանին: «Թուրքական աշխարհի դեմ յուրաքանչյուր հարցում, այդ թվում’ նաեւ հայկական, Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը գործելու են միասնաբար», -այլ պետությունների անունից եւս հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում