ՀՀ վարչապետի տիկնոջ հիմնադրամը ֆինանսավորեց Լ. Տեր-Պետրոսյանի թոռան՝ արտերկրում սովորելը, բայց հրաժարվեց ինձ օգնել. Մանուել Մանուկյան

ՀՀ վարչապետի տիկնոջ հիմնադրամը ֆինանսավորեց Լ. Տեր-Պետրոսյանի թոռան՝ արտերկրում սովորելը, բայց հրաժարվեց ինձ օգնել. Մանուել Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ժՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը ֆինանսավորեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռան արտերկրում սովորելը, բայց հրաժարվեց ինձ օգնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը:

«Ես ընդունվել էի միաժամանակ երկու մագիստրատուրա և երկուսի ուսման վարձը վճարել չէի հասցնում: Մոտ 1-1.5 ամիս առաջ ֆեյսբուքյան նամակ գրեցի Աննա Հակոբյանին, ում հետ հեղափոխության ընթացքում եմ ծանոթացել՝ հրապարակում ելույթ ունենալուց հետո: Խնդրեցի, որ ուսման վարձի համար օգնություն տրամադրեն, ասաց, որ դիմեմ իր ղեկավարած հիմնադրամին, բայց այնտեղից պատասխանեցին, որ չեն կարող ֆինանսավորել, որովհետև այդպիսի ծրագիր չունեն: Ասացին, որ այլ հիմնադրամներ կուղղորդեն»,- մանրամասնեց Մանուկյանը՝ նշելով, թե հիմնադրամներից մեկը եղել է Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող, ինչն, ըստ Մանուկյանի, հիասթափեցնող է եղել:

Նա նշեց, որ հիասթափված է նաև, որ մարդիկ, ինչ-որ պաշտոններ զբաղեցնելուց հետո, փոխվել են: «Քանի դեռ այս իշխանությունը հաստատված չէր, Աննա Հակոբյանի, նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ շփվում էինք «Ֆեյսբուքով», բայց իշխանությունը հաստատվելուց հետո սկսեցին նամակներին չպատասխանել: Լենա Նազարյանին էլ դիմեցի օգնության համար, բայց նա էլ ուղղորդեց հիմնադրամներ»:

Մանուկյանի խոսքով՝ թե՛ իշխանափոխությունից առաջ, թե՛ հետո իշխանությունների աշխատանքում խնդիրներ նկատելիս՝ դրանց մասին բարձրաձայնել է իր ֆեյսբուքյան էջում, և չի բացառում, որ նաև այդ գրառումներն են եղել պատճառ, որ Աննա Հակոբյանի՝ նրա հանդեպ ունեցած վերաբերմունքը փոխվել է:

«Օրինակ՝ ֆեյսբուքյան էջումս անդրադարձել եմ պարգևատրումներին: Ես այցելություններ եմ կատարում անապահով ընտանիքներ, տեսնում եմ բաց երկնքի տակ ապրող բազմաթիվ երեխաների, իսկ այդ նույն ժամանակահատվածում պետական պաշտոնյաներին բարձր պարգևավճարներ են բաժանվում: Տեղեկացնում ենք, որ նման խնդիրներ կան, բայց ոչ մի արձագանք չի լինում: Չեն զանգում մի նախարարությունից՝ իմանան՝ որ ընտանիքն է»,– ասաց Մանուել Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում