Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար

Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականտեր Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ դատական նիստի ընթացքում ստացել են իրենց հարցի պատասխանը, թե ինչու նույն գործով մեկ այլ անձ ազատության մեջ է, մինչդեռ Թավադյանը՝ կալանավորված։

«Մեր հարցն ամենևին չի նշանակում, որ այդ անձին բռնեն, կալանավորեն, այլ ընդամենը հավասար վերաբերմունքի մասին է խոսքը։ Պարոն Թավադյանի նկատմամբ խտրական վերաբերմունք կա։ Այս դատական նիստում մենք ստացանք այդ հարցի պատասխանը։ Վերջնական արդյունքում կարող եմ ասել, որ անձին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, քանի որ մյուս անձից հաջողվել է ցուցմունք կորզել, դրա համար նա ազատության մեջ է։

«Իմ մեկնաբանությամբ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, պարոն Թավադյանը կմնա անազատության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել։ Պարոն Թավադյանը ցուցմունք չի տվել, ընդհանրապես չի ցանկացել ՀՔԾ հետ շփում ունենալ։ Շփումը պարտականությունների շրջանակում է»,- մանրամասնեց Խուդոյանը։

Հարցին, Ա. Թավադյանը ճանաչո՞ւմ է նույն գործոց ցուցմունք տված անձին՝ Վարուժան Մկրտչյանին, Խուդոյանն ասաց, որ Թավադյանը շփվել է Մկրտչյանի հետ, խորացված հարաբերություններ չեն ունեցել։

Ի՞նչ են ակնկալում դատարանից, ինչպի՞սի որոշում կկայացվի հարցին էլ ի պատասխան, Խուդոյանն ասաց. «Հաշվի առնելով, որ դատարանը տալիս էր այնպիսի հարցեր, որոնցից ակնհայտ էր, որ բողոքի բոլոր պնդումները դատարանը շատ լավ հասկացել է, բողոքը շատ լավ ընկալել է, իրավաբանական հարթության մեջ չեմ պատկերացնում որևէ որոշում, որը կտարբերվի պարոն Թավադյանին անհապաղ ազատ արձակելու որոշումից, բայց փորձը վույց է տալիս, որ ոչ միշտ են կանխատեսումներն իրականանում։ Դատարանի որոշումից պարզ կլինի, թե ինչքանով է այս պրոցեսում աշխատել իրավաբանությունը, ինչքանով՝ այլ հարցեր»։

Վերաքննիչ դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշման բողոքի մասին կհրապարակվի վաղը ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ մինչ դատարանը դռնփակ քննում էր Թավադյանի փաստաբանի բողոքը, վերաքննիչ դատարանի դիմաց նրա աջակիցներն ակցիա էին իրականացնում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան։

Արմեն Թավադյանը ՀՔԾ միջնորդությամբ ու դատարանի որոշմամբ կալանավորվել է դեկտեմբ երի 24-ին։ Ըստ ոստիկանության տարածած տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։

Թավադյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում