Երթեւեկության իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններից վարորդները չեն տուժում
Կարդացեք նաև
Երթեւեկության վարչական իրավախախտումների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները միայն այն կանոնակարգելու նպատակ ունեն: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության պետ Արմեն Չիլինգարյանը: «Օրենքում բովանդակային առումով ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն որոշ ձեւակերպումներ, իսկ վարորդները փոփոխություն չեն զգալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ հանրապետության նախագահը դեռ այն չի ստորագրել:
Արմեն Չիլինգարյանը նշեց, որ այս պահին թույլատրված արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում վարորդները չեն տուգանվում, ապա օրենքի ընդունումից հետո 1-10 կմ/ժամով արագություն գերազանցող վարորդները կտուգանվեն նույն չափով, որքան որ տուգանվում են հիմա՝ 11-20 կմ/ժամով արագությունը գերազանցելիս: «Այս պահին 60 կիլոմետր ժամ թույլատրելի հատվածում 71 կիլոմետր ժամ արագություն զարգացնելիս՝ վարորդը տուգանվում է 10 հազար դրամով՝ թույլատրելի արագությունը 11 կիլոմետր ժամով գերազանցելու համար, իսկ օրենքի ընդունումից հետո այդ 11 կիլոմետր ժամը կվ երաձեւակերպվի եւ կդառնա 1»,- ասաց նա՝ նշելով, որ այն 10 կմ/ժամը կգնահատվի որպես արագաչափի տատանումների հնարավոր սխալմունքի արդյունք:
Նա հավաստիացրեց, որ մեքենայի արագությունը որոշում են միայն արագաչափ սարքերը, այլ ոչ թե ոստիկանները: «Արագության գերազանցումը կարող է ֆիքսել միայն արագաչափ սարքը՝ լինի դա անշարժ, թե շարժական»,- ասաց նա: Նրա խոսքով՝ ոչ մի ճանապարհային ոստիկան իրավունք չունի վարորդին կանգնեցնել եւ տուգանել արագությունը գերազանցելու համար, եթե նրա արագաչափը չի ֆիքսել դա:
ՀՀ Ազգային ժողովում հունիսի 19-ին քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով գործող օրենսգրքի 124.4-րդ հոդվածում (Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը) կատարված փոփոխության հետ կապված հարցեր: Օրենքը դեռեւս ուժի մեջ չի մտել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում