Ադրբեջանում թմրամոլների թիվն աճում է

Ադրբեջանում, որտեղ թմրամոլների թիվն աճում է, ամեն տարի հաշվառման են վերցվում թմրանյութեր օգտագործող 1500-2000 անձիք: Անցյալ տարի Ադրբեջանում 34 մարդ մահացել է թմրանյութեր օգտագործելու հետեւանքով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով haqqin.az լրատվական կայքը, լրագրողներին հայտարարել է թմրանյութերի դեմ քարոզչության Ազգային գրասենյակի ղեկավար Մազահիր Էֆենդիեւը:

Նրա խոսքով’ դա բավական մեծ ցուցանիշ է: «Թմրամոլությունը բացասաբար է ազդում ազգի գենոֆոնդի վրա: Վերջին շրջանում մեր կողմից անցկացված հարցումներն ու հետազոտությունները ցույց են տալիս, որ թմրանյութերի չարաշահման դեպքերը հիմնականում շատ են քաղաքներում», -ասել է նա:

Նա նշել է, որ դատաբժշկական փորձագետների եւ ախտաբանական անատոմիայի միավորումների շրջանային բաժինները թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի հայտնաբերման նպատակով 2012 թ-ին 911 հետազոտություններ են անցկացրել, որի ժամանակ այդ նյութերի օգտագործման 77 դեպք է հայտնաբերվել: «34 դեպքերում թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի օգտագործումը բերել է մահվան: 37 դեպքում, չնայած թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր օգտագործելուն, մահը վրա է հասել այլ պատճառներով», -ասել է Էֆենդիեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում