«Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում»
Նմանատիպ
Ինչպես եղանակն է փոփոխական՝ մեկ տաք է, պարզ, մեկ՝ ցուրտ, անձրևոտ, մառախլապատ կամ փութորկուն, այդպես է և մարդկային կյանքում, մարդու հոգին մեկ խաղաղ է, ուրախ ու ջերմ, մեկ՝ անհանգիստ, հուսահատ ու սառը: Եկեղեցու հայրերը նշում են, որ մարդու հոգին խաղաղվում է, ջերմանում և ուրախություն ապրում, երբ հաղորդակցվում է իր Արարչի հետ: Իսկ հակառակ պարագայում, երբ հոգին հակված չէ աղոթքի և առաքինաբար ապրելու, ապա ուժասպառ է լինում՝ ծանր վիճակում հայտնվելով: Հոգու անպտղությունն ու սառնությունը, ըստ հայրաբանության, կախված է հենց իրենից՝ մարդուց և նրա անփութությունից, չարի հարձակումից, նաև՝ Աստծո թույլատու կամքից: Մարդը կորցնում է Աստծո պարգևած շնորհները, երբ ապրում է մեղսալից կյանքով, իսկ զղջում ապրող հոգին իր մեջ վառ է պահում աստվածային սիրո հուրը և ջանք թափում, որ այն չմարի: Ինչպես նշում են եկեղեցու հայրերը՝ հոգու տրտմությունը, սառնությունը երբեմն չարից է լինում: Երբ չարը տեսնում է, որ միտքն աղոթում է առանց սրտի, փորձության է ենթարկում մարդուն, իսկ երբ հոգին լի է ջերմեռանդությամբ, չարը հիշեցնում է, թե՝ պետք է այս կամ այն գործն անի, ինչ-որ մեկին այցելության գնա կամ էլ բարկության է դրդում մարդուն՝ հոգու ջերմեռանդությունը մարելով: Ս. Հովհաննես Սանդուղքն ասում է, որ եթե մենք հետևենք չարի խորամանկություններին, ապա կտեսնենք, որ նա շատ հաճախ բարձր ծիծաղում է մեզ վրա, օրինակ՝ երբ հագեցած ենք կերակրով, այդ ժամանակ նա մեզ մոտ աղոթքի հանդեպ ջերմեռանդություն է արթնացնում, իսկ երբ պահք ենք պահում, մոլության մեջ է գցում, որպեսզի տրվենք հաճույքներին: Մյուս կողմից էլ հոգու մեջ սառնություն է գցում, ցանկանում հեռու պահել առաքինություններից՝ դրանք համարելով ձանձրալի: Իսկ երբ այս ամենը չի հաջողվում նրան, փորձում է մարդուն թերահավատության ու հուսահատության մեջ գցել՝ հոգին ճնշելով ու մահվան տանելով: Իսկ Աստված մարդուն զրկում է մխիթարությունից, երբ մարդն սկսում է իր մասին մեծ կարծիք ունենալ, փառամոլության մեջ ընկնել, Նա մարդուն վերաբերվում է այն մոր նման, որը երեխայի ձեռքից վերցնում է շաքարը՝ նրա հիվանդության պատճառով: Երբեմն Աստված մարդուն զրկում է մխիթարությունից առանց որևէ մեղքի պատճառի՝ նպատակ ունենալով հոգին մաքրել ամեն անմաքրությունից՝ ամրացնելով առաքինությունների, առավել ևս խոնարհություն ու համբերության մեջ: Աստված Իր առատ ու քաղցր մխիթարությունները սովորաբար պարգևում է այն հոգիներին, որոնք նոր են դարձել դեպի Իրեն, որոնք դեռ թույլ են և որոնց ոչ թե պինդ կերակուր, այլ կաթ է անհրաժեշտ, որպեսզի այդ քաղցրությամբ առավել մոտենան Իրեն՝ հեռու մնալով մարմնական հաճույքներից: Իսկ երբ նրանք առաջադիմում են հոգևոր կյանքում, Աստված աստիճանաբար ետ է վերցնում նրանցից այդ քաղցր մխիթարությունները, որպեսզի Իրեն մոտենան ոչ թե հանուն այդ մխիթարությունների, այլ հանուն Իրեն: Տերն Իր իմաստությամբ աստվածահաճո հոգիներին մե՛կ մխիթարություններով է ամրացնում, մե՛կ վերցնում է դրանք, որպեսզի սեփական փորձով ճանաչեն իրենց թուլությունը և առավել գնահատեն աստվածային մխիթարության գինը: Աստված բարեպաշտ անձանց վերաբերում է այն այգեպանի նման, որը նուրբ բույսերը հաճախ ջրում է, պահպանում ցուրտ քամուց, իսկ ավելի ամուր բույսերին բաց է թողնում քամու և ցրտի առջև, որպեսզի քամու տատանումներից ավելի խորը արմատ գցեն, ամրանան և ավելի կանաչեն: Հետևաբար, մեղանչում են նրանք, ովքեր, մխիթարական զգացում չունենալով, մտածում են, որ իրենց աղոթքներն ու բարի գործերը ոչ մի արժեք չունեն Աստծո առաջ, որ իրենք ամբողջովին մոռացվել են Նրա կողմից: Բոլոր սրբերն էլ ենթարկվել են հոգևոր սառնության և հաստատել, որ իրենց սերն Աստծո հանդեպ երբեք այդքան չի փորձվել, մաքրվել ու ամրացել, որքան զգացումների մեծ պայքարում: Մի օր Ս. Անտոն Մեծն ընկավ հուսահատության մեջ և չգիտեր, թե ինչպես ազատվեր դրանից: Մտածմունքների մեջ քայլելով անապատով՝ հեռվում տեսնում է ինչ-որ մեկի, որ աղոթք էր անում, հետո անցնում ձեռքի աշխատանքի, ապա՝ նորից աղոթքի և աշխատանքի: Ս. Անտոնը հրեշտակի էր տեսել, որն իր օրինակով ցույց էր տալիս նրան, թե ինչպես է հնարավոր աղոթքի և որևէ զբաղմունքի հերթափոխությամբ ազատվել հուսահատությունից: Իսկ աբբա Դորոթեոսը հոգու անզգայության և սառնության դեպքում օգտակար է համարում Ս. Գրքի և եկեղեցու հայրերի սրտաշարժ խոսքերի ընթերցումը, մահվան, ահեղ դատաստանի և հավիտենական տանջանքների մասին մտածելը:
Կյանքի հանգամանքների և զգացումների փոփոխության դեպքում մարդը պետք է պահպանի դեպի Աստված ընթանալու ձգտումը, բարեպաշտությունն ու հոգու հանգստությունը: Թեկուզ շուրջբոլորը փոթորիկ լինի, Քրիստոսի հետևորդը պետք է ամուր լինի և աստվածային սիրո մեջ չսասանվի, ինչպես նավի կողմնացույցն է ուժեղ փոթորկի ժամանակ պահպանում իր ուղղությունը դեպի բևեռ: Քրիստոսի հետևորդն իր հիշողության մեջ պետք է վառ պահի Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում» և «Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց» (Հռոմ. 14:8; 8:35):
Կազմեց Կարինե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում