Թուրքիայում ստեղծվել է «Թալանիչների ժողովրդական կուսակցություն»

Թուրքիայում պետական գրանցում ստանալու համար Ներքին գործերի նախարարություն է դիմել նորաստեղծ «Վերակառուցում սոցիալիստական կուսակցությունը»: Կուսակցության համանախագահ Նեժլա Քուրուլը լրագրողներին հայտնել է, որ իրենց համար գլխավոր խնդիրներից են գենդերային հավասարությունը, քրդական հարցի կարգավորումը եւ երիտասարդության առջեւ առկա խնդիրները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնու? ? է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:

Կուսակցության մյուս համանախագահ Թունջայ Յըլմազը գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ կուսակցության ստեղծման համար հիմք են հանդիսացել Ստամբուլի Գեզի այգու պահպանության հետ կապված իրադարձությունները: «Մենք անարդարությունների զոհ դարձածների, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կողմից «չափուլջու» կոչվածների կուսակցություն ենք, ուրեմն մենք մեզ մեզ կարող ենք նաեւ «Թալանիչների ժողովրդական կուսակցություն» անվանել»,- ասել է նա:

Թուրքերենով «չափուլջու» բառը նշանակում է թալանիչ, ավազակ, վատահամբավ մարդ: Այն թուրքական քաղաքական գրականության մեջ գործածական դարձավ այն օրից, երբ Էրդողանը Գեզի այգու եւ Թաքսիմի հրապարակի ցուցարարներին «չափուլջու» անվանեց: Դրանից հետո ցուցարարները սկսեցին «Ես չափուլջու եմ» գրությամբ շապիկներ կրել:

Թուրքիայում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ մայիսի 31-ին ոստիկանությունը դաժանորեն ցրել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գեզի այգու պաշտպաններին, որի ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որի մասնակիցները դժգոհություն են հայտնում իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում