Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: 2020թ. հունվարի 11-30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am, aravot.am և yerkir.am-ը։
Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում դիտարկվել է 981 հոդված։ Որոնցից 191-ը՝ բացասական, 52-ը՝ դրական, 737-ը՝ չեզոք են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին մշտադիտարկվող ժամանակահատվածում դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ։
Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հրայր Թովմասյանի դեմ զրպարտությունների ալիք է սկսվել։ Նա գրել է, որ արդեն 9 ամիս է նա չի ընկրկում իշխանության ճնշումներին, հրաժարական չի տալիս։ «Զրպարտություններն են եղել Նիկոլ Փաշինյանի քաղաքական զենքը, իզմը, միակ «գաղափարախոսությունը», որ պոպուլիստական հռետորությամբ հմտորեն այնպես է օգտագործել, որ գրավել է իշխանությունը, և այժմ էլ վարչապետի պաշտոնում նույն զրպարտչական զենքով փորձում է վերացնել ընդդիմադիրներին և պետական անկախ մարմինները՝ հանձինս անկախ դատավորների»։
Քննադատությունների մեծ ալիք բարձրացավ նաև այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հրայր Թովմասյանն իրեն ու կնոջը քծնել է։ Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ տվեց վարչապետին, որպեսզի վերջինս փաստեր ներկայացնի։ Նիկոլ Փաշինյանը որպես քծնանքի փաստ ներկայացրեց Հրայր Թովմասյանի իրեն տված գրիչը։ Գրիչը դարձավ քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման։ Նմանօրինակ «փաստի» հրապարակումը քննադատությունների ու ծաղրի առիթ դարձավ։ Նիկոլ Փաշինյանի հրապարակումից հետո Հրայր Թովմասյանի փաստաբանները հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել դատարան։
Ըստ վերլուծականներից մեկի, Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում կրճատել վարչապետի լիազորությունները։ Նշվում է, որ մինչև վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը քննադատում էր սուպերվարչապետական կարգերը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 80-ականների զենքերի էջը փակված է, Մովսես Հակոբյանն ասել էր․ «Չեմ ուզում վարչապետի խոսքերը մեկնաբանել, 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն մեր բանակում, որովհետև դրանք լավագույն զենքերն են»։
1in.am-ում հրապարակվել է 276 հոդված, բացասական՝ 19, դրական՝ 26, չեզոք՝ 231։
Կայքում տեղ է գտել քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքը, որը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի նման ակտիվությունն իշխանությունների անլրջության, ողջամտության բացակայության հետևանք են: «Բացի այդ՝ իրենց Հինգերորդ ալիքով ինչ-որ ֆիլմ են ցուցադրել Քոչարյանի «հերոսությունների» մասին։ Ինչպես տեսնում եք՝ բոլոր տեղերից, ամբողջ ճակատով գրոհում են, իսկ ո՞վ է այդ գրոհի հնարավորությունը ստեղծում, եթե ոչ՝ իշխանությունը, եթե ոչ՝ անձամբ պարոն Նիկոլ Փաշինյանը»։
Կայքում տեղ է գտել Հրայր Թովմասյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՍԴ նախագահը 20 օր ժամանակ էր տվել վարչապետին, որպեսզի վերջինս վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ։ Հրայր Թովմասյանը հավելել էր, որ չանելու դեպքում իր փաստաբաններին խնդրելու է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել «Եվրոպայում մեդիա ազատության սպառնալիքների և լրագրողների անվտանգության վերաբերյալ» զեկույցի շրջանակում: Այդ ելույթում ասված է. «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են։ Ռեֆորմիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը»:
Արսեն Խառատյանի խոսքը նույնպես դրական է գնահատվել։ Ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապանում արված կոչը արձագանք գտավ Արցախի նախագահի 4 թեկնածուների կողմից: Ելնելով հնչած հայտարարություններից՝ կարող ենք հստակ ասել, որ մինչ այս բանակցված հայտնի Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի համար հնացած, կամ անընդունելի են։
Aravot.am-ում հրապարակվել է 233 հոդված, բացասական՝ 58, դրական՝ 13, չեզոք՝ 162։
Լրատվականում տեղ է գտել կառավարության շենքի մոտ բողոքի մշտական ցույցեր իրականացնող, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի խոսքը։ Նանա Մուրադյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հունվարի 28-ի բանակին նվիրված շնորհավորանքին, ասել է, որ շատ վիրավորված է, քանի որ վարչապետը գեթ մեկ անգամ չի հիշատակել իրենց որդիներին։
Ըստ Սասնա Ծռերի տարածած հայտարարության՝ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի հետ այցելել է զինծառայողների բնակարանամուտին, այն ժամանակ, երբ Ալեքսանդր Քանանյանը հացադուլի մեջ էր, որին վարչապետը չհանդիպեց։
Դիվանագետ Մեթյու Բրայզան, անդրադառնալով օրերս Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած Ղարաբաղյան թեզերին, ասել է. «Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները ոչնչացնում են այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել համանախագահների, նախագահների կողմից»։
Կայքում տեղ է գտել նաև Վահան Իշխանյանի քննադատական խոսքը։
Վահագն Հովակիմյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան կոնֆլիկտին, ասել է. «Հրայր Թովմասյանը երբեք չի կարող նոր Հայաստանի ընտրված որեւէ պաշտոնյայի հետ հավասարը հավասարի հետ խոսել, որովհետեւ ինքը չունի այն լեգիտիմությունը»։
yerkir.am-ում հրապարակվել է 205 հոդված, բացասական՝ 107, դրական՝ 1, չեզոք՝ 97։
Կայքում տեղ են գտել վերը նշված բոլոր բացասական հոդվածները։ Այն լուրը, որ Հրայր Թովմասյանը դատարան է դիմել Նիկոլ Փաշինյանի դեմ և Արթուր Ղազինյանի այն խոսքը, ըստ որի՝ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմը Արթուր Ղազինյանին հիշեցրել է Փաշինյանի կոստյումի դիզայներների խմբակ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանն էլ իր խոսքում նշել է, որ ընդդիմադիրների դեմ ոստիկանությունների նախաձեռնած լայնածավալ գործողությունները անձնական վախերի հետևանք են. «Կան մարդիկ, որոնք գալիս են իշխանության և այդ իշխանությունն օգտագործում են իրենց ներքին վախերի, վրեժի բնազդային հակումներին հագուրդ տալու համար: Սա Նիկոլ Փաշինյանի հրահանգն էր՝ մի կողմից, մյուս կողմից՝ ոստիկանապետի պաշտոնակատարի կողմից իր տիրոջն անվերապահորեն ծառայելու գործողություն էր»: Նա նաև հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում եղել է քաղաքական առևտրի մեջ նախկին իշխանությունների հետ։
Armtimes.com -ում հրապարակվել է 174 հոդված, բացասական՝ 2, դրական՝ 11, չեզոք՝ 161։
«Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է»,– այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում: Նա նշել է, որ շփումների մեջ է և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և շեշտադրել՝ լարվածության թուլացման կարևոր քայլերից է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապի ապահովումը:
Ըստ տարածված լուրերի, Ֆրանսիացի հայազգի բժիշկ Գեւորգ Աբգարյանը պատրաստվում է ամռանն ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Փարիզից Երեւան տեղափոխվելու որոշումը նրանք կայացրել են թավշյա հեղափոխությունից հետո: Բժիշկը, ի դեպ, հետհեղափոխական շրջանում բուժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազը։
Azatutyun.am-ում հրապարակվել է 92 հոդված, բացասական՝ 5, դրական՝ 1, չեզոք՝ 86։
Կայքում տեղ է գտել Հրայր Թովմասյանի այն խոսքը, ըստ որի՝ ինքն իրեն չի հարգի, եթե ստեղծված իրավիճակում նահանջի։
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ է եղել բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրագործմանը` այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական և արդարադատության ոլորտներում»,- աշխարհում մարդու իրավունքների կացությանը նվիրված ամենամյա զեկույցում նշում են արևմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչները։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանի գրչի «փաստը» տապալվեց թե՛ համացանցում, թե՛ լրատվական դաշտում։ Բացի այդ, խիստ քննադատությունների ալիք բարձրացրեց ընդդիմադիր հասարակական–քաղաքական գործիչների մասսայական ձերբակալությունների ալիքը։ Շատերն այդ երույթը համեմատեցին 1993 թվականի Ստալինյան ռեպրեսիաների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում