Կանադա, Ռուսաստան, Լեհաստան. Տիկնիկային թատրոնը 2020-ին հյուրախաղերով հանդես կգա տարբեր երկրներում

Կանադա, Ռուսաստան, Լեհաստան.  Տիկնիկային թատրոնը 2020-ին հյուրախաղերով հանդես կգա տարբեր երկրներում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի թատերախումբը 2020 թվականին հյուրախաղերով ելույթներ կունենա տարբեր երկրներում՝ ներկայացնելով մանուկների և մեծահասակների համար նախատեսված բեմադրություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

«Ապրիլին Կրակովում խաղալու ենք Զառա Անտոնյանի «Թևավորը» հրաշալի ներկայացումը, Կանադայում հանդես ենք գալու «Մատնաչափիկը» մանկական ներկայացմամբ, Մոսկվայում ցուցադրելու ենք «Քրիստոֆեր»-ը, Ռուսաստանում ներկայացնելու ենք նաև «Ամպից պոկված հեքիաթը»: Ամենակարևորն այն է, որ այս բոլոր գործերում հիմնականում երիտասարդ դերասաններ են զբաղված»,-ասաց Բաբայանը:

Անդրադառնալով առաջնախաղերին` թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ փետրվարի 11-ին բեմ կբարձրանա Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» վեպի հիման վրա բեմադրված դրամատիկ ներկայացումը, որի ռեժիսորը թատրոնի դերասանուհի և ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանն է:

«Հետաքրքիր է լեհ դրամատուրգ Զագրադնիկի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Սոլո ժամացույցի համար» ներկայացումը, որը խաղալու ենք Տիկնիկային թատրոնում, Մայր թատրոնում և Համազգային թատրոնում: Բեմադրության մեջ զբաղված են դերասաններ տարբեր թատրոններից: Երիտասարդների և մեծահասակների մասնակցությամբ յուրահատուկ ներկայացում է լինելու, և մենք ցանկանում ենք հնարավորություն տալ մեր երիտասարդներին հանդես գալ փայլուն դերասանների հետ: Հույս ունեմ, որ այն հետագայում կխաղանք Վանաձորում, Գյումրիում»,-տեղեկացրեց Բաբայանը:

Նրա խոսքով` բեմադրելու են «Կարմիր գլխարկը», «Երեք քույրերը», հավանաբար, նաև «Մարդուկ-Ջարդուկը»: «Բանակցում ենք հրաշալի նկարիչ Դարոն Մուրադյանի հետ: Նա արտակարգ թատերական երևակայություն ունի: Կարծում եմ` բեմադրելու ենք «Վիննի Փուհ արջուկը» ներկայացման երկրորդ մասը: Երիտասարդ դերասան և ռեժիսոր Րաֆֆի Մելքոնյանը մոնոներկայացմամբ է հանդես գալու` մատուցելով «Կոկորդիլոս» ինտերակտիվ ներկայացումը»,-եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում