Անկարայում կրկին բախվել են ցուցարարներն ու ոստիկանությունը

Անկարայի ոստիկանությունը հերթական անգամ դաժանաբար ցրել է թուրք ցուցարարներին, ովքեր այս անգամ հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ թուրքական դատարանի որոշման’ ազատ արձակել ցուցարարներից մեկին սպանած թուրք ոստիկանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, թուրք ոստիկանությունն այս անգամ ևս ցուցարարներին ցրելու համար օգտագործել է ջրցան մեքենաներ:

Թուրք ցուցարար Էթհեմ Սարըսյուլյուքին սպանելու համար Ահմեթ Շ. անունով ոստիկանի դեմ հարուցվել էր դատական գործ, սակայն դատարանը դատական առաջին նիստից հետո որոշում էր կայացրել հետաքննությունը շարունակել ոստիկանին ազատ արձակելու պայմաններում: Դատարանի կայացրած որոշմամբ’ ոստիկանը գործել է «պաշտպանության համար նախատեսված սահմաններում»:

Դատարանի որոշման դեմ իրենց բողոքն են հայտնել նաև Ստամբուլում, որտեղ հազարավոր մարդիկ հունիսի 25-ին հավաքվել էին Թաքսիմի հրապարակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում