ՀՀ քաղհասարակությունը պետք է դիտորդություն իրականացնի Արցախի նախագահական ընտրություններում. Ռ. Մելիքյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը պետք է դիտորդություն իրականացնի Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում, որ համոզվենք՝ գործընթացը չի իրականացվում մենաշնորհային դիտորդության անվան տակ: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին. արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով պանելային քննարկման ընթացքում հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Մենք երկու տարի առաջ սկսեցինք շեղվել պետական կառավարման ձևի հարցում: 2017թ. փետրվարի 20-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը վերջնականապես ուժի մեջ է մտնելու Արցախում մարտի 31-ին՝ նախագահական ընտրություններից հետո»,-ասաց Մելիքյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանում մինչ կառավարման խորհրդարանական ձևին անցնելը, գործում էր կիսանախագահական ձևը, որը լայն լիազորություններ էր տալիս երկրի նախագահին։
«Ունենք լայն լիազորություններ ունեցող նախագահ, որը շատ լավ հնարավորություն ունի իր պատասխանատվությունը բարդել վարչապետի վրա: Կիսանախագահականի դեպքում շատ հաճախ անարդար համակարգ է ստեղծվում, երբ նախագահը կարող է ասել, թե վարչապետը լավ չաշխատեց, և նոր վարչապետ նշանակվի: Այսօրվա գործող Սահմանադրությամբ ամբողջ պատասխանատվությունը կրում է վարչապետը: Արցախի Սահմանադրության պարագայում լիազորություններն ու պատասխանատվությունը նախագահինն են»,-նշեց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ Արցախի նախագահական համակարգն ունի մի շատ հետաքրքիր առանձնահատկություն՝ օրենսդիր և գործադիր իշխանությունները պարտադիր պետք է ձևավորվեն նույն օրը:
Ռուբեն Մելիքյանն ասաց, որ Հայաստանում վերջին ընտրություններից հետո «Իրավական ուղի» ՀԿ-ն ներկայացրել է բազմաթիվ խախտումներ, որոնց պատշաճ ուշադրություն չի դարձվել, արձագանք չի եղել։ Ըստ նրա՝ կարևոր է, որ նման խնդիր չլինի Արցախի ընտրությունների պարագայում:
«Մեր կարծիքով՝ դա նշանակում է, որ նույն կերպ է վարվելու մեր իշխանությունը և նույնպես գործուղելու է կազմակերպություններ Արցախում դիտորդություն կամ վերահսկողութուն իրականացնելու համար»,- ասաց նա՝ հավելելով՝ դիտորդության նպատակն այն է, որ Արցախի պետականությունն ունենա իրավական լուրջ երաշխիքներ, հիմքեր, և երկրորդ՝ այն չդառնա քաղաքական շահարկման հարց հայաստանյան ներքաղաքական օրակարգի լույսի ներքո:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում