Ադրբեջանական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու արցախցիներին ուղղված կոչերն ուղղակի ծիծաղելի են. փորձագետ

Ադրբեջանական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու արցախցիներին ուղղված կոչերն ուղղակի ծիծաղելի են. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Ադրբեջանական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու Արցախի հայերին ուղղված կոչերն ուղղակի ծիծաղելի են: Այդ մասին մեզ հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարություն էր արել, որով կոչ էր արել «Լեռնային Ղարաբաղում բնակվող Ադրբեջանի հայազգի քաղաքացիներին» օգտագործել իրենց ձայնի իրավունքը փետրվարի 9-ին կայանալիք Միլի Մեջլիսի ընտրություններին: Դրան հաջորդեց այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նույնանման կոչը:

«Այս հայտարարություններն ուղղակի ծիծաղելի են: Նախ, Արցախի բնակչությունն Ադրբեջանի քաղաքացի չէ: Երկորդը, եթե նույնիսկ նրանք նման ցանկություն ունենային, ինչը բնականաբար անհեթեթություն է, դա տեխնիկապես ուղղակի անհնար է՝ չէ՞ որ հայկական ազգանուն ունեցող նույնիսկ այլ երկրների քաղաքացիներին Ադրբեջանը թույլ չի տալիս լքել օդանավակայանի տարածքը»,– ասել է փորձագետը՝ հավելելով, որ սա շատ լավ հասկանում և տեսնում է նաև միջազգային հանրությունը:

«Եթե բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների պահվածքը կամ, ընդհանրապես, ներկայիս իշխանությունների քաղաքականությունը թույլ է տվել Ադրբեջանի իշխանություններին կարծել, որ սա կարող է որպես խաղաղության կառուցմանն ուղղված քայլ, կամ բարի կամքի դրսևորում ներկայացվել, նշանակում է՝ Ադրբեջանի իշխանությունները պատկերացումները սխալ են: Նրանք պետք է շատ լավ գիտակցեն, որ Հայաստանի իշխանությունների պահվածքը բավարար չէ հանրային տրամադրությունների ու ընկալումների մասին դատելու համար»,– նշել է Վարդանյանը:

Փորձագետը չի բացառում, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից (հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հանդիպում էին ունեցել այդ կեղծ միավորի ղեկավարի հետ, իսկ ՌԴ ԱԳ նախարարն էլ ողջունել էր համայնքների միջև հնարավոր շփումները): «Ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է միջհամայնքային կարգավորման մոտեցումն ավելի ընկալելի, արդիական դարձնելու ուղղությամբ: Եվ այս քայլն էլ այդ տրամաբանության մեջ է: Եվ այս քայլերը, ցավոք, ոչ միայն Հայաստանի կողմից բավարար հակազդեցության չեն հանդիպում, այլ Հայաստանի իշխանություններն էլ իրենց նպաստ են բերում այդ քաղաքականությանը՝ օրինակ հղվելով 1992թ. Հելսինկյան փաստաթղթում տեղ գտած «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպման վրա»,– եզրափակել է փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում