Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում մեր երաժշտական ժառանգության շատ նմուշներ բերվել են 21-րդ դարի ձևաչափին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Փետրվարի 8-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կողմից Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների ներկայացմամբ կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը նշեց‚ որ մեծ պատասխանատվությամբ ու Ալեքսանդր Հարությունյանի արվեստի նկատմամբ մեծ հարգանքով են սկսում նրան նվիրված փառատոնը։ Սա հերթական առիթն է կոմպոզիտորի արվեստի առջև խոնարհվելու և նրա հիշատակը հավերժացնելու։
«Ալեքսանդր Հարությունյանը բացառիկ հայ կոմպոզիտորներից է, որ ստեղծել է դասական երաժշտություն հայկական մոտիվներով: Եղել է ոգևորված հայկական երաժշտությամբ և իսկական հայկական երաժշտության մեկնաբանողն է: Մենք մեծ ոգևորությամբ ենք պատրաստվում փառատոնին։ Նրա հիշատակը միշտ վառ է մեր սրտերում»‚- ասաց Հովհաննես Չեքիջյանը։
Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը‚ ում ստեղծագործություններից նույնպես կատարվելու է փառատոնի շրջանակներում‚ խոսելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի մասին‚ առանձնացրեց այն փաստը‚ որ այն անդրադառնում է ոչ միայն հայ դասական‚ այլև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին։ «Շատ գործերի առաջին կատարողն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ ինչի շնորհիվ ստեղծագործական հաջողություններ են արձանագրել այն կոմպոզիտորները, որոնք երբևէ կարող էին երազել իրենց գործերը կենդանության օրոք լսել։ Սա մեծ խթան է կոմպոզիտորների համար։ Բացի այդ‚ այդ փառատոների միջոցով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կարկինն ավելի բացվում է, ընդգրկում է ավելի երիտասարդ հեղինակերի գործեր, ինչը չափազանց կարևոր է»,- ասաց Երվանդ Երկանյանը:
Խոսելով Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործական ժառանգության մասին՝ մաեստրո Երկանյանը նշեց‚ որ նա հսկայական դեր է ունեցել մեր սիմֆոնիկ երաժշտության մեջ. «Հայկական երաժշտությունը նա ներկայացրել է ամենաբարձր մակարդակներում։ Նա հայ կոմպոզիտորներից առաջինն էր‚ որ ստացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը‚ առաջիններից էր‚ որ ստացավ ԽՍՀՄ պետական մրցանակ‚ և առհասարակ երիտասարդ տարիքից՝ դեռ 30-ը չբոլորած‚ հայտնի էր ու պատվով և փառքով էր ներկայացնում Հայաստանը։ Նրա մասին դրվատանքի խոսքեր են ասել այնպիսի կոմպոզիտորներ‚ ինչպիսիք են Արամ Խաչատրյանը‚ Շոստակովիչը»։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար‚ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը շեշտադրեց այն փաստը‚ որ բացի համերգային ծրագրեր ներկայացնելուց‚ այս նախաձեռնության շրջանակներում տարիների ընթացքում թվայնացվել են մի քանի տասնյակ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են հարյուրավոր ստեղծագործություններ, առաջին անգամ կատարվել հայ կոմպոզիտորների ավելի քան 150 գործեր: Սերգեյ Սմբատյանը նշեց‚ որ փառատոնի շրջանակներում մեր երաժշտական ժառանգության շատ նմուշներ բերվել են 21-րդ դարի ձևաչափին։ «Եթե նույնիսկ աշխարհում շատ արտիստներ կամ նվագախմբեր ցանկանան ներկայացնել մեր երաժշտությունը‚ ստեղծագործությունների մի մեծ տոկոս չի գտնվում այն վիճակում‚ որպեսզի ուղարկենք‚ և երաժիշտները կարողանան կատարել։ Փառատոնը նաև այս խնդիրն է լուծում»‚- ասաց Սերգեյ Սմբատյանը։ Նշենք‚ որ այս տարվա փառատոնի ընթացքում նույնպես թվայնացվելու են Ալեքսանդր Հարությունյանի, ինչպես նաև այլ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ հնարավորություն ընձեռելով հնչեցնել դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Այն կյանքի է կոչվում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում