«Ռեալ պոլիտիկն ու պոպուլիզմն անհամատեղելի են». Արթուր Վանեցյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը, որի ժամանակ խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Ըստ նրա` Ռուսաստանը մնում է ու կմնա Հայաստանի ռազմավարական գործընկերը, և որ երկու երկրների շահերից է բխում մնալ հուսալի և կանխատեսելի գործընկերներ: Նրա խոսքով` Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն եղբայրական և ռազմավարական հարաբերությունների բազմադարյա պատմությունն ու կուտակված ներուժը և զարգացնեն դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ բազմակողմ ձևաչափերում:
«Այսօր Հայաստանի իշխանության ղեկին շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ կերպով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացնելը: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Վանեցյանը` նշելով, որ «իրական քաղաքականությունն ու պոպուլիզմը անհամատեղելի են»:
«Բացթողումների և չիրականացած հնարավորությունների մասին կարելի է անվերջ խոսել, թյուրիմացություններ լինում են նույնիսկ ամենասիրով ընտանիքներում: Բարեբախտաբար, մեր ժողովուրդներին միշտ բավարարել է իմաստությունը` հաղթահարելու հարաբերություններում բոլոր դժվարությունները: Համոզված եմ, հիմա էլ կբավարարի: Կամք ու իմաստություն է հարկավոր, և մեր ժողովուրդները դա ունեն: Ես պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերություններն ավելին են, քան առանձին վերցրած քաղաքական գործիչների կամ նույնիսկ քաղաքական ուժերի հարաբերությունները: Այդ հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և կունենան բազմադարյա ապագա»,-նշել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում