Հայ երգի հրեշտակը՝ Ախալցխայից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: Հայ ժողովուրդը 1993թ. ձմեռային սառնաշունչ մի օր դեպի հավերժություն ճանապարհեց մի լուսեղեն տեսիլքի, ազնվազարմ երգչուհու, ում երգը պատարագային օրհնության եւ հավատի ակունքներից էր հնչում…
Լուսինե Զաքարյան. հոգեւոր երգերի անկրկնելի կատարող, հայոց երգարվեստի երկնակամարի լուսաշող աստղ, ում երգեցողության հմայքի լույսը ապրեցնում եւ դեռ տարիներ պիտի ապրեցնի ու վայելք հաղորդի նոր սերունդներին: Նա ելույթներ ունեցավ աշխարհի հարյուրավոր երկրների բեմերում, նվաճեց հազարավոր սրտեր՝ շողացնելով հայ հոգեւոր երաժշտության դարավոր գանձերը՝ տաղեր, շարականներ, սաղմոսներ… Երգչուհին երգարվեստի իր հարուստ երկացանկում ընդգրկեց Եկմալյան, Կոմիտաս, Մոցարտ, Գլինկա… շա՜տ այլ դասականների գործեր, հոգեւոր երաժշտության գոհարներ, որոնք նա կատարում էր որպես հանց սրբասուրբ աղոթքներ: Լուսինե Զաքարյանը ժամանակակից երգերի կողքին համարձակորեն ներկայացրեց նաեւ պատարագային մեծարժեք օրհներգություններ, որոնք հայ ունկնդրին դուր գալուց զատ, դառնում էին նաեւ օտարազգիների համար նորաոճ եւ հետաքրքիր: Հիմա ո՞վ կարոտով չի հիշում երգչուհու կատարմամբ «Ավե Մարիան», Եկմալյանի «Սուրբ-Սուրդը», Նարեկացու, Շնորհալու հոգեզմայլ մեղեդիները, Կոմիտասի «Գարուն ա», «Չինար ես», «Խորհուրդ խորին»-ը… ո՞րը թվարկել: Ինչ խոսք, աշխարհի բազմաթիվ մեծանուն արվեստագետներ են երգչուհուն համարել հայոց երգարվեստի ամենաշքեղ ու եզակի կատարողներից մեկը: Ահավասիկ, հուզիչ է ռուս հայտնի բանաստեղծ Եգոր Իսաեւի՝ մամուլում հրապարակած խոսքը. «Լուսինե Զաքարյանի ձայնը ոչ միայն սրտից էր գալիս, այլ նաեւ հայոց Էրգրի կարոտի խորքից. դա միայն սոխակի կոկորդից ելնող դայլայլ չէր, նաեւ այն դարերի խորքից եկած պատմություն, հուշ, լեգենդ էր: Ես շնորհակալ եմ այս ձայնից, նա մի նոր Հայաստան բացեց ինձ համար»:
Լուսինե Զաքարյանը երգում էր շուրջ տասնհինգ լեզվով, բայց նա իր էության լիակատար նվիրումը, գերագույնը տալիս էր հայ երգին, որի համար էլ մեծերի՝ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Պարույր Սեւակի, Սիլվա Կապուտիկյանի, Վեհափառ Վազգեն Առաջինի շնորհավորանքի ու գնահատանքի խոսքերն էր լսում: Երգչուհին իր արտասահմանյան շրջագայությունների ժամանակ օտարներին ու Սփյուռքում ապրող համերկրացիներին երգով «պատմում» էր հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, նրա հարուստ ձայներանգի ոգեուժը ներկայացվում էր աստվածային հնչեղությամբ. «Հայաստան, երկիր դրախտավայր, դու մարդկային ցեղի օրրան, դու եւ բնիկ իմ հայրենիք, իմ հայրենիք, Հայաստան…»:
Այո, Լուսինե Զաքարյանին ծափահարել են աշխարհի բոլոր երկրներում. նա տարիներ շարունակ համագործակցության մեջ էր դասական հայոց մեծերի՝ մեծանուն մաեստրո Հովհաննես Չեքիջյանի, Վահագն Ստամբոլցյանի, արտասահմանցի օտարազգի երգեհոնահարների, նաեւ Լուսին Ամարայի, Շարլ Ազնավուրի, Պերճ Ժամկոչյանի հետ: Լուսինե Զաքարյանի մուտքը դասական երգարվեստ պայծառ հայտնության սկիզբ էր: Հետադարձ հայացք գցելով երգչուհու անցած ճանապարհին՝ նշենք, որ նա երգի առաքյալ լինելուց բացի, նաեւ նվիրյալ էր վեհագույնին՝ աստվածայինին, տիեզերական սուրբ խորհուրդներին: Երգչուհին որտեղ էլ իր երգը հնչեցնում էր (համերգասրահներում, եկեղեցիներում, թե վանքերում, մատուռներում) քարերն անգամ կարծեք կենդանության շունչ էին առնում՝ գունեղանում էր ողջ մթնոլորտը, որտեղ երգի ելեւէջները միանում էին տիեզերական բարձր պերճանքներին: Լուսինե Զաքարյանի հմայիչ արտաքինը, երգի կախարդող հնչերանգը ստեղծում էին մի խորհրդավոր ու լուսավոր միջավայր, որի մեջ «շիկանում» էր մեղմօրոր թախիծն ու երազանքը: Երգչուհին իր սրտում ուներ նաեւ սեր ու կարոտ հանդեպ իր ծննդավայր Ջավախքը, Ախալցխան:
1937թ. հունիսի 1-ին ծնված Լուսինեն մանկուց երգել, արտասանել, «համերգներ» է ներկայացրել հարազատներին, հարեւաններին, դպրոցական իր հասակակիցներին: Ապագա երգչուհին թիվ 4 ռուսական դպրոցի ինքնագործ խմբում դրսեւորելով երգելու շնորհ՝ սովորել է Ախալցխա քաղաքի երաժշտական դպրոցում: 1952թ.-ին նրանց ընտանիքը տեղափոխվում է Երեւան: Նա Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մեներգչային բաժինը, այնուհետեւ՝ Սուրբ Էջմիածնի վեհարանում նրա հոգեւոր ուսումնառությունը, ինչ խոսք, նախախնամությամբ է կանխորոշվում. ճակատագրական էր այն, որ նա պիտի Աստվածամոր շուրթերից բխող ու աղերսվող խոսքի անզուգական մեկնիչը դառնար ողջ հայոց համար:
Լուսինե Զաքարյանի անկրկնելի երգի ողջ հմայքը բացառիկ ու սիրված էր ժողովրդի կողմից. անզուգական երգչուհու կատարումները… հայոց երգարվեստի պատմության մեջ ազգային լուսեղ շողարձակում ունեցավ, այն մեծարժեք հարստություն էր, որը հոգեւոր մշակույթում հնչեղ ու խորախորհուրդ սիրո հավերժող խոսք եղավ, որն ուներ հազարամյակներում ապրեցնող երգի համ ու վայելումի դաստիարակող ուսուցանումները:
…Թող կամենա Աստված, գոնե կես դարը մեկ՝ հայոց ազգն ունենա Լուսինե Զաքարյանի նման երգչուհի: Եվ երանի՜ նրա մեղմիվ, աստվածային երգի՝ «Կռունկ-ը» նորից թեւածի աշխարհով մեկ, օտար երկրներում դեգերող բոլոր հայորդիներին եւ ձայնի «Վերադարձե՜ք, եկեք, ներգաղթե՜ք հայրենիք, նորից՝ վերադարձե՜ք Հայաստան ու շենացրեք մեր հայոց ոստանը…»:
Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում