Հանրաքվեի հարցում Փաշինյանը գնում է արկածախնդիր ուղով. Արա Զոհրաբյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Սահմանադրության մեկնաբանման վերջնական իրավունքը պատկանում է Սահմանադրական դատարանին, և Մայր օրենքով՝ խորհրդարանը պետք է իր որոշումն ուղարկեր ՍԴ-ի եզրակացությունն ստանալու, ինչը չի արել, թեև իրավունք չուներ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Նշանակված հանրաքվեի գործընթացն ի սկզբանե հակասահմանադրական է: Իշխանությունը փորձում է ըստ իր պատկերացումների փոխել բոլոր համակարգերը, բայց հին համակարգի շատ մասեր՝ իրենց պաշտոնատար անձանցով հանդերձ, շարունակում են պաշտոնավարել: Իշխանությունը, ի վերջո, կարող էր ամբողջապես նոր Սահմանադրություն ընդունել, ոչ թե փոփոխել այն, և այդ դեպքում ՍԴ-ի եզրակացության կարիքը չէր լինի»,– ասել է Արա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ կառավարությունն ամեն կերպ մտածում է ՍԴ-ն շրջանցելու տարբերակների մասին, բայց այս հարցն ի սկզբանե իշխանության օրակարգում չի եղել և առաջ է եկել բավական ուշ. «Նույնիսկ եթե հանրաքվեի արդյունքները չբողոքարկվեն, հաջորդ իշխանությունը կարող է նույն կերպ վարվել՝ քրեորեն հետապնդելով այս գործընթացը նախաձեռնողներին: Շուտով հեղափոխության երկու տարին է լրանում, բայց այս զարգացումներում փնտրում են սևերի, դավադիրների և հակահեղափոխականների»:
Փաստաբանների պալատի նախագահի կարծիքով՝ ընտրված ճանապարհը վնաս է հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա նպատակին հասնելու համար ամենաբարդ ու արկածախնդիր ուղով է գնում. «Իշխանությունների ընդդիմախոսների բոլոր փաստարկները պետք է պատշաճ ուշադրության արժանանային: Եթե, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան է, հանրաքվեի չենք դնում, քանի որ ժողովուրդը լավ չի պատկերացնում՝ դա ինչ է, բայց ՍԴ-ի հարցն արժանի է հանրաքվեի՞: Երկակի ստանդարտները պետք է բացառվեն»:
Արա Զոհրաբյանի պնդմամբ՝ առաջիկա հանրաքվեն ռումբ է իշխանության ոտքերի տակ և կարող է օգտագործվել հենց նրա դեմ:
Փաստաբանների պալատի նախագահի կարծիքով՝ եթե նախկինում փաստաբանների ու դատական իշխանության նկատմամբ ճնշումներն ու ոտնձգությունները ծածուկ էին, այսօր դրանք բացահայտ ու հրապարակային են: «Այսօրվա իշխանությունները Փաստաբանների պալատի նկատմամբ չունեն բարյացակամ վերաբերմունք: Փաստաբանական ոլորտի օրենսդրությունը մինչ այսօր որոշ պատգամավորների քմահաճույքների պատճառով չի ընդունվում»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով. «Այս մթնոլորտի պատասխանատուն պետությունն է, իշխանությունն է պարտավոր պայմաններ ստեղծել փաստաբաններիս բնականոն գործունեության համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում