Արվեստագետները գրական ընթերցումներով նշեցին Վահան Տերյանի հոբելյանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահան Տերյանի թողած հարուստ մշակութային ժառանգությունը վերարժևորելու, նրա ստեղծագործությունները ևս մեկ անգամ հիշելու նպատակով փետրվարի 12-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Տերյանի հետ» խորագրով միջոցառումը: Այն նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան 135-ամյակին և մահվան 100-ամյա տարելիցին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տերյանի ստեղծագործությունները ներկայացրին ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհիներ Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը, ասմունքեց Նարեկ Մարգարյանը:
«Որոշ ընթերցողներ Տերյանին ընկալում են որպես քնարական, նուրբ, թախծի բանաստեղծի… Նա շատ հզոր բանաստեղծ է: Մեր պոեզիայում «Երկիր Նաիրի»-ից ավելի հզոր շարք չգիտեմ: Տերյանի գործերը շատ բազմաժանր են»,-նշեց Սիլվա Յուզբաշյանը:
Նրա խոսքով` այսօր մեզ օդի և ջրի պես պետք է ընթերցել և վերընթերցել Տերյանի «Հոգևոր Հայաստան»-ը, որն արդիական է մինչ օրս: «Կարծում եմ` մարդկային վերածնունդ պետք է լինի, որովհետև սպառողական հոգեբանությունը մեզ խեղդում է: Ինչպես Տերյանն է ասում, նյութական արժեքները կարելի է վերականգնել, բայց հոգևոր արժեքների կորուստը վերջն է»,-շեշտեց Յուզբաշյանը:
Անդրադառնալով օրվա ելույթին` ասմունքողն ասաց, որ Տերյանի նամակագրական ժառանգությունը հսկայածավալ է և կարևոր է, որպես գեղարվեստական և փաստագրական արժեք: «Երբ կարդում ենք նրա նամակները, հասու ենք լինում շատ անցքերի, ծալքերի, որ մինչ օրս մեզ անհասանելի են եղել, հասկանում ենք Տերյանի խոհերը: Նամակները մեծ դեր կարող են խաղալ տերյանագիտության մեջ, որովհետև Տերյանին դեռ լիարժեք չենք ուսումնասիրել, և գրականագետները նրա առաջ պարտք ունեն: Ասում են` կան անտիպ բանաստեղծություններ, նամակներ: Ներկայացնելու եմ որոշ նամակներ` ընդմիջելով բանաստեղծություններով»,-եզրափակեց նա:
Միջոցառումն անցկացվեց Հայաստանի ազգային գրադարանի և «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ համատեղ ջանքերով:
Արդեն իսկ ավանդական դարձած «Տերյանի հետ» խորագրով տոնական միջոցառումների շարքը մեկնարկել է փետրվարի 9-ին, երբ Տերյանի ժառանգները, գրողներ ու գրականագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Վ. Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի աշակերտները և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեծ բանաստեղծի հիշատակին՝ խոնարհվելով ու ծաղիկներ դնելով նրա շիրիմին:
Այնուհետև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել է հոբելյանական ցերեկույթ՝ նվիրված պոետի կյանքին և գրական վաստակին: Գրական ցերեկույթը վարել է հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը:
Հոբելյանի առթիվ ելույթներ են ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհիներ Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը, ասմունքել է Նարեկ Սարգսյանը: