Ֆրիդա Կալո. «Ես փորձում եմ խեղդել իմ թախիծը, բայց այդ տականքը լողալ է սովորել»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: Լյուսյենա Բլոխը` կոմպոզիտոր եւ լուսանկարիչ Էռնես Բլոխի դուստրը, եղել է մեքսիկացի հանրահայտ նկարչուհի Ֆրիդա Կալոյի մտերիմ ընկերուհին: Նա մշակութային լայն հետաքրքրություններ ուներ, զբաղվում էր լուսանկարչությամբ, մանրանկարչությամբ, քանդակներ էր պատրաստում փայտից եւ ապակուց:
kulturologia.ru-ն ներկայացնում է, թե ինչպես է Լյուսյենան մի ճաշկերույթի ժամանակ պատահաբար ծանոթանում Ֆրիդա Կալոյի ամուսնու` Դիեգո Ռիվերայի հետ, ամբողջ երեկո զրուցում արվեստից ու կյանքից, ապա առաջարկում դառնալ նրա օգնականը:
Ռիվերան Լյուսյենային հաջորդ օրը երեկոյան հրավիրում է իրենց տուն ու ծանոթացնում Ֆրիդայի հետ:
Ֆրիդա Կալոն անմիջապես հայտարարում է Լյուսյենային, որ ատում է նրան:
Սակայն այդ ճակատագրական հանդիպումը դառնում է նրանց մտերմության սկիզբը:
Լուսանկարչուհին բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ է անում, որոնցից շատերը պետք է հետագայում թանկ գնով վաճառվեին աճուրդում:
Ի դեպ, Կալոն սկզբում հայտնի էր որպես Ռիվերայի կին: Հետագայում աշխատանքները վերանայվեցին ու վերաարժեւորվեցին արվեստագետների ու արվեստաբանների կողմից:
1990-ական թվականների սկզբին Ֆրիդան դարձավ ոչ միայն ճանաչված գործիչ արվեստի պատմության մեջ, այլեւ ֆեմինիստական շարժման վառ ներկայացուցիչ:
Կալոյի աշխատանքները միջազգայնորեն ճանաչվել են որպես Մեքսիկայի ազգային ավանդույթների խորհրդանիշ:
Սյուրռեալիզմի հիմնադիրներից Անդրե Բրետոնը Ֆրիդա Կալոյին դասել է սյուրռեալիստների շարքին:
Այս ինքնատիպ նկարչուհուց բազմաթիվ ինքնատիպ ասույթներ են մնացել: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
– Մի ժամանակ ես կարծում էի, թե աշխարհի ամենատարօրինակ մարդն եմ, հետո ուղեղիս հասավ, որ այս մոլորակի վրա այնքան մարդ կա, որ ինձ նման մի չքնաղն էլ երեւի աշխարհի մեկ այլ անկյունում է ապրում:
– Արվեստում ես ուղղակի արվեստասեր չեմ, ոչ էլ գիտակ: Ես ընդամենը աղջիկ եմ, որը պետք է աշխատի, որպեսզի ապրի:
– Ես երկու տրավմա եմ ունեցել ողջ կյանքում` մեկը ավտովթարից հետո, իսկ մյուսը Դիեգոն էր:
– Արվեստը արյան համարժեքն է մարդկության սոցիալական օրգանիզմում:
– Ես փորձում եմ խեղդել իմ տխուր հույզերն ու թախիծը, բայց այդ տականքները լողալ են սովորել:
– Ես ինքնանկարներ եմ անում, որովհետեւ հաճախ եմ միայնակ լինում ու ինձ ամենալավն եմ ճանաչում:
– Ես նկարում եմ ծաղիկներ, իսկ դա նշանակում է՝ նրանք չեն մեռնի:
– Հույսի ծառ, կանգուն մնա:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հետևեք մեզ նաև Telegram-ում