Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը Հայաստան է գալիս

Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը Հայաստան է գալիս

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը երևանյան հանդիսատեսին շուտով կներկայանա միջազգային բազմաժանր էքստրեմալ կրկեսային շոու ծրագրով: Կրկեսային բոլոր ժանրերն ընդգրկված են մեկ ծրագրում:

Սա շապիտոյի առաջին հյուրախաղն է Հայաստանում, որի մեկնարկը կտրվի փետրվարի 29-ին,այնուհետև կարճ ժամանակով՝ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Կրկեսը գտնվում է Երևանի Աթենքի փողոցի 10 հասցեում (Դալմայի հարևանությամբ):
Ջեռուցվող ու հարմարավետ կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առջև՝ լրացնելու վերջին տարիներին հայ հանդիսատեսի կրկեսային «քաղցը»:

«Սա մոսկովյան կրկեսն է, մեր արտիստները տարբեր երկրներից են՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղրղզստանից և ԱՊՀ այլ երկրներից: Միջազգային ծրագիր ենք ներկայացնելու»,-նշեց Շապիտոյի տնօրեն Սոֆյա Մինասյանը:
Մոսկովյան կրկեսի հայ հիմնադիրը մինչև 2005 թվականն աշխատել է Երևանի պետական կրկեսում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա ու հիմնել իր կրկեսը՝ ներգրավելով տարբեր ազգերի բարձրակարգ արտիստների:

Շապիտոյի երևանյան ներկայացումների տոմսերի արժեքը 2000-ից 8000 դրամ է, մինչև 4 տարեկան մեկ երեխային (ծնողի հետ) 1 տոմս է հասնում: Ի դեպ, կրկեսային համարներից բացի կլինեն նաև հետաքրքիր և ինքնատիպ շոուներ, անակնկալներ, փոքրիկներն էլ նվերների կարժանանան ծաղրածուի կողմից:
Բացման օրը՝ փետրվարի 29-ին, նաև խաղարկություն կլինի, որի կանոններին կարող եք ծանոթանալ «Գրանդ Մանեժ» շապիտո կրկես-ի ֆեյսբուքի և ինստագրամի էջերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում