Հովհաննես Թումանյան․ Գութանի երգը
19/02/2020 20:59
Նմանատիպ
Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։
Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։
Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։
Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին…
Վարի՛, վարի՛, իմ գութան։
Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ։
Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։
1887
Հետևեք մեզ նաև Telegram-ում