Վարդանանց տոնի քարոզ

Վարդանանց տոնի քարոզ

«Իմ հայրենեաց հոգի՛ Վարդան, Հոգիս հոգւոյդ լինի ղուրբան»:

Սիրելիներ,

Ահավասիկ, այսպիսի բառերով մեր ժողովուրդն իր հիացմունքն ու իր զգացմունքներն է արտահայտել Սուրբ Վարդան զորավարի և 1036 նահատակների հանդեպ: Հայոց պատմությունը հարուստ է անթիվ-անհամար պատերազմներով և ճակատամարտերով, սակայն Ավարայրի ճակատամարտն իր ուրույն տեղն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Հայ Եկեղեցու պատմության մեջ՝ այն պարզ պատճառով, որ սոսկ հերթական մի ճակատամարտ չէր: Պարսից զորքի դեմ հայկական բանակն առաջին անգամ չէր, որ պատերազմում էր, սակայն այս մեկը միանգամայն տարբեր էր: Այդ իսկ պատճառով 451 թվականը գալիս է գումարվելու հայ ժողովրդի համար նվիրական այնպիսի թվականներին, ինչպիսիք են 301 և 405 թվականները: Հազկերտ Բ պարսից արքան վաղուց ի վեր ծրագրել էր հայ ժողովրդի կրոնափոխությունը՝ զրադաշտականության և կրակապաշտության ընդունումը, քանզի լավ էր հասկացել, որ ազգը պառակտելու, ազգը սպանելու համար բավական չէ հողին տիրանալը, որը առանց այն էլ Հայաստանի բաժանումից հետո ըստ ամենայնի արդեն իրականացված էր:

Անհրաժեշտ էր հասնել արմատներին, գնալ մինչև ամենասուրբ ու ամենանվիրական ակունքը, անհրաժեշտ էր խոցել ժողովրդի սիրտը: Իսկ ամեն ժողովրդի սիրտ ու նամանավանդ հայ ժողովրդի սիրտն իր հավատքն է: Պատմաբանները և աստվածաբանները զարմանքով են արձանագրում այն իրողությունը, որ Հայաստանում քրիստոնեության հաստատումից ընդամենը 150 տարի անց հնարավոր էր այդպիսի հակազդեցության ալիք, երբ ողջ ժողովուրդը՝ իր բոլոր խավերով՝ մեծազնիվ և ռամիկ, Եկեղեցի և պետություն, այր և կին, մեծ ու մանուկ դուրս էին եկել ընդդեմ թշնամու:

Համաժողովրդական այս ապստամբությունը գլխավորում էր Վարդան Մամիկոնյանը, ով սերում էր Սահակ Պարթևի ազնվական ընտանիքից և Համազասպ քաջ Մամիկոնյանի որդին էր: Նա էր, որ 449 թվականին, երբ Տիզբոնում բոլոր նախարարները ուրացան, Պողոս առաքյալի օրինակին հետևելով հայտարարեց, թե՝ մենք մեր հավատքը երբեք չենք ուրանա, և ոչ ոք չի կարող մեզ բաժանել մեր հավատքից, ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը և ո՛չ մեկ այլ բան, քանզի մեր ուխտը Աստծու հետ հավիտենական է:

Հայ ժողովրդի նվիրական այս պայքարը, վասն հայրենյաց և վասն հավատո, միայն մեր ժողովրդին հատուկ չէ: Աստվածաշունչ մատյանում ևս հանդիպում ենք նման մի օրինակի՝ Մակաբայեցիների գլխավորած հրեա ժողովրդի ազատագրական պայքարին՝ Մաթուսաղա Մակաբայեցու օրոք, երբ Ասորեստանի Անտիոքոս թագավորը, պղծելով Երուսաղեմի Տաճարը, այնտեղ կուռքեր է կանգնեցնում և հրեա ժողովրդին պարտադրում պաշտել և զոհ մատուցել այդ կուռքերին:

451 թվականի մայիսի 26-ը մնայուն կերպով արմատավորվեց և իր տեղը գրավեց մեր ժողովրդի պատմության պանծալի էջերի շարքում: Այդ օրը հայ ժողովուրդը պարսից զորքի դեմ ելավ առաջնորդությամբ հայ հոգևորականության՝ գլխավորությամբ կաթողիկոսական տեղապահի՝ Ղևոնդ Երեցի, սրբազան հայրերի և ողջ արքունիքի ու պետական ավագանու: Վարդանանք թեև թվով սակավ, սակայն գիտեին՝ վասն ինչի էին ելնում, որովհետև գիտեին պատճառը, որի համար և պատրաստ էին իրենց կյանքը զոհելու:

Այսօր եթե նման խնդիր ծագի, հազար ու մի քաղաքական պատճառներ կգտնենք, հազար ու մի նրբություններ, հանգամանքներ, այլևայլություններ, միայն թե մեր սրտի ձայնը չլսենք: Վարդանանք ևս կարող էին, Տիզբոնում առերես ուրանալուց հետո, շարունակել նույն քաղաքականությունը՝ այն պատճառաբանելով խաղաղության անհրաժեշտությամբ: Սակայն այդուհանդերձ նախընտրեցին պատերազմելու և իրենց սուրբ արյունը հեղելու ի խնդիր մեր ազգի և Եկեղեցու: Ինչո՞վ էր պայմանավորվում այսօրինակ նվիրումը: Ավարայրի ճակատամարտի ականատես Եղիշեն ասում է, որ քրիստոնեությունը մեզ համար մաշկի գույն է, այսինքն հնարավոր չէ ուրանալ սեփական ինքնությունը: Մենք չենք կարող ուրանալ մեր լինելությունը, իսկ մեր լինելությունը քրիստոնեության դրոշմն է կրում: Շատ գաղափարներ կան, սիրելիներ, որոնց համար արժե կյանք տալ և առանց որոնց չարժե ապրել նույնիսկ մեկ վայրկյան: Այդպիսի գաղափարներից մեկն է նաև հավատքը, որի վրա ամուր հաստատված է մեր ժողովուրդը, և որի համար Վարդանանց քաջերն իրենց կյանքը տվեցին:

Պարսից պատմագրությունը նույնիսկ չի հիշատակում, որ Ավարայրի նման ճակատամարտ է տեղի ունեցել: Իրենց պատերազմների անսահման թվի մեջ Ավարայրը սոսկ հերթական մի ճակատամարտ էր թերևս: Հակառակ այս ամենի, մենք հիշում ենք այս հերոսամարտի օրը, ամեն անգամ այն տոնախմբում ենք և պիտի տոնախմբենք, քանի դեռ երկրագնդի վրա մեկ հայ կա, որովհետև սա մեր ինքնության և լինելության տոնն է: Շատերը կարող են ասել. բայց ի՞նչ կարիք կար, չէ՞ որ Եկեղեցին ուրիշ բան է սովորեցնում, չէ՞ որ Եկեղեցին սովորեցնում է խոնարհություն, հեզություն, չէ՞ որ հնազանդություն ենք քարոզում:

Հավատացեք, եթե հայ ժողովուրդը չլինի, եթե հայ քրիստոնյա տեսակը չլինի, ո՞վ է ի վերջո պաշտելու Հիսուսին, եթե մենք չլինենք, եթե այս հավատացյալ հոտը չլինի: Ճիշտ է, որ Եկեղեցին մի ամրոց է, մի սրբություն, որը միշտ պաշտպանում է մեզ, երբ մենք դրա կարիքն ունենք, սակայն ճիշտ է նաև, որ հենց նույն Եկեղեցին իր դժվար պահերին մեր օգնության կարիքն ունի: Ինչպես ծնողը խնամում է մեզ, այնպես էլ մենք ենք պարտավոր խնամել մեր ծնողին: Հետևաբար, սիրելիներ, մեր կյանքն ապրենք այն խորհուրդն ու գիտակցությունն ունենալով, որ չգիտակցված մահը սոսկ մահ է և ոչնչություն, իսկ գիտակցված մահը անմահություն է: Մահվանը նախորդող հիվանդությունները, դժվարություններն ու տառապանքը դարձյալ կյանք են և ոչ թե մահ: Մեր կյանքի ընթացքում մենք կարող ենք հազար անգամ բարոյապես մահանալ, բայց, սիրելիներ, մենք պիտի միշտ հիշենք և իմանանք. ինչպե՞ս և ինչի՞ համար ենք մահանում:

Փառք Աստծո, այսօր մենք նման խնդիր չունենք, որ մեր կյանքը տանք մեր հավատքի և մեր հայրենիքի համար: Խաղաղություն է, փառք Տիրոջ, բայց մահվան հավասար կարևոր է գիտակցել, թե ինչպես ենք ապրում: Մեր կյանքը մեր մահվան նույն արժեքն ունի, լի հույսով առ Տեր, լի հույսով առ ապագան: Սիրելիներ, այսօր, Ս. Պատարագից հետո, հավաքվել ենք այստեղ, որպեսզի կատարենք նաև Հայրապետական մաղթանք, նշելու համար անվանակոչության տոնը մեր սիրելի Վեհափառ Հայրապետի և բոլոր նրանց, ովքեր կրում են Վարդանանց հերոսների անունները՝ Գարեգին, Խորեն, Վազգեն և ուրիշ անուններ: Մեր այսօրվա մաղթանքն ու աղոթքն է, որպեսզի սուրբ զորավար Վարդանը և իր նահատակները բարեխոս լինեն Միածին Որդուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի բոլոր նրանք, ովքեր կրում են Վարդանանց հերոսամարտի քաջ նահատակների անունները, ապրեն իրենց անվան շնորհներով, և որպեսզի նվիրական այս հոգին երբեք չնվազի մեր ազգի մեջ, որպեսզի նոր Վարդաններ և նոր սուրբ քաջեր միշտ ելնեն մեր ժողովրդի միջից այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Տ. Վազգեն վարդապետ Նանյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում ս. Վարդանանց տոնին մատուցված ս. Պատարագին, 15 փետրվարի 2007 թ.)

Աղբյուր՝ Surbzoravor.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում