«Նկարն էլ իր կյանքն ունի, չես կարող փակել արվեստանոցում, միայն ինքդ տեսնել»
Նմանատիպ
«Իրատեսի» զրուցակիցը գեղանկարիչ ԿԱՄՍԱՐՆ է (ԿԱՄՈ ՍԱՀԱԿՅԱՆ): Զրույցի առանցքում նկարչի արվեստանոցն է, դրսի ու ներսի աշխարհը, արվեստի ուժն ու մեզ շրջապատող աշխարհը:
– Մեր նախորդ զրույցը երեք տարի առաջ էր: Այս ընթացքում ի՞նչն է փոխվել:
– Ավելի շատ եմ արվեստանոցում լինում: Եթե նույնիսկ շատ չեմ նկարում, միևնույն է, ստեղծագործական ընթացքի մեջ եմ:
– Այսինքն՝ ավելի շատ արվեստանոցում եք լինում, քան տա՞նը:
– Այո, իրականում հենց այդպես է: Արվեստանոցը տան վերևի հարկում է, բայց մեծ մասամբ արվեստանոցում եմ: Նաև դասավանդում եմ գեղարվեստի դպրոցում:
– Մեր նախորդ հարցազրույցում ասել էիք. «Գույնը գեղանկարչի համար և՛ տրամադրություն է, և՛ հոգեվիճակ: Հետաքրքիր հոգեբանական վիճակ հիշեցի. բանակից զորացրվելուց (1982 թ.) հետո ամիսներ շարունակ վառ գույներով չէի կարողանում նկարել»: Այս ընթացքում ի՞նչ գույներով էիք նկարում:
– Հիմա շատ ազատ եմ, բոլոր գույներն օգտագործում եմ: Դրսից ու ներսից ստացված զգացողությունները փորձում եմ վերացարկված ձևով ներկայացնել: Դրանք այսօրվա իմ ապրումներն են, զգացողությունները, որոնք առնչվում են մեր ժամանակին: Ես ապրում եմ Հայաստանում, այս իրականության մեջ, որն ինչ-որ ձևով, ուզեմ, թե չուզեմ, արտացոլվում է իմ կտավներում:
– Մի նկարից մի քանիսը նկարելն ընդունվա՞ծ է՝ միանման կամ մի քիչ փոխված:
– Կարող են մի քիչ տարբեր լինել, իսկ նույն հեղինակային կատարմամբ մի քանի աշխատանքը պետք է համարակալվի, նշվի՝ որերորդն է:
– Դժվար չէ՞ նույնությամբ նկարելը:
– Որոշ նկարիչներ անում են: Ես էսքիզ ունեմ, որ հաջողված եմ համարում, բայց մեծ կտավի վրա նույնությամբ փոխադրելիս այլ բան է ստացվում: Անգամ արտանկար դժվարությամբ եմ անում, կաշկանդվում եմ…
– Վերացական նկարները վերնագրու՞մ եք, որ ասելիքը տեղ հասնի:
– Փորձում ես նկարել այն, ինչ մտածել ես, բայց երբեմն նկարելիս կամ վերջնարդյունքում ինչ-որ բան փոխվում է: Կարող է մի բան սկսես, ուրիշ բան դառնա: Վերնագրում եմ, բայց այնպես, որ վերնագիրը պարտադրող չլինի, դիտողն իր ազատությունը չկորցնի:
– 88-ի շարժմանը, Արցախյան ազատամարտին վերաբերող աշխատանքներ ունեք՝ «Հայաստան 88» (1988 թ.), «Գոյապայքար» (1992 թ.), «Հունվար 94» (1994 թ.), «1988» (1994 թ.), «Տագնապ» (2016 թ.): Մասնակցե՞լ եք շարժմանը:
– Եղեգնաձորում 88-ին ինքնաբուխ խառնվեցի շարժմանը: Երբ Երևանում, Արցախում ցույցեր էին, փոքր քաղաքներում իշխանավորները փորձում էին ինչ-որ մարդկանց օգտագործել՝ շարժման ընթացքը կառավարելու համար: Եղեգնաձորում անկախ հանրահավաքի առաջին կազմակերպիչը ես եմ եղել: Երբ շարժումը վերածվեց կուսակցության, հեռու մնացի այդ ամենից, բայց ոչ միանգամից. ժողովուրդը դրական էր վերաբերվում մեզ ու միանգամից դուրս գալը նշանակում էր ժողովրդին անորոշության մեջ թողնել: Երեք տարուց ավելի այդ գործընթացների մեջ եմ եղել:
– Այսինքն՝ այն ժամանակ մտավորականը առաջնորդի դեր էր կատարում, շահում ժողովրդի վստահությունը, համակրանքը: Հիմա նույնը չենք կարող ասել: Ի՞նչն է փոխվել:
– Երբ ներքին արյան կանչով ես մտնում նման «խաղի» մեջ, ժողովրդի վստահությանը, համակրանքին արժանանալու խնդիր չես դնում քո առջև: Պատկերացրեք ժամանակաշրջանի իմաստով. 80-ականների վերջին կուսակցություններ գոյություն չունեին, հիմա կան կուսակցություններ, քաղաքական շարժումներ, խմբավորումներ, դաշտը, ի վերջո, իրենցն է: Բայց կան մտավորականներ, արվեստագետներ, որ հրաշալի վերլուծում են հասարակական- քաղաքական իրադրությունները:
– 90-ականներից հետո Ձեր ստեղծագործական կյանքում ի՞նչ բեկումներ եղան:
– Դե, մինչև 90-ական թվականներն էլ մեծ հետաքրքրությամբ կարդում էի և ուսումնասիրում հայկական բարձրավանդակում ստեղծված ժայռապատկերների մասին հրապարակված նյութերը: 92-ից սկսեցի ժայռապատկերային գծանկարները, խորհրդանիշերը օգտագործել գեղանկարչության մեջ: Պետք է ասեմ, որ այդ տարիներին ժայռապատկերային խորհրդանիշերի նկատմամբ արվեստագետների հետաքրքրությունը այդքան մեծ չէր, առավել ևս գեղանկարչության մեջ չեմ հիշում, որ որևէ մեկը օգտագործած լիներ: Հետագայում դա տարածվեց… Վերջին տարիներին այդ պատկերները առավել շատ օգտագործում են նաև կիրառական արվեստի մեջ: Երբ ավելի տարածվեցին այդ դրսևորումները, ես թողեցի դա:
Որոշ ժամանակ ստեղծագործական դադար ունեցա. ղեկավարում էի Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը և շուրջ տասը տարի ընդհանրապես չէի նկարում: Երբ նորից վերադարձա արվեստանոց, նկարելու այդ տեսակն անցած փուլ էր ինձ համար, փորձեցի նոր բան անել: Չնայած երբեմն անդրադառնում էի, բայց ինձ հետաքրքրողն արդեն ոչ թե արված գծապատկերներն էին, այլ տվյալ ժամանակի քանդակագործ-նկարչի ազատ ու պլաստիկ մտածողությունը իրեն շրջապատող առարկայական և ոչ իրեղեն երևույթների նկատմամբ:
– ՈՒնե՞ք անավարտ նկարներ կամ նկարներ, որ ոչ ոքի ցույց չեք տա:
– ՈՒնեմ աշխատանք, որ նկարում եմ, բայց իմ ու նկարի երկխոսությունը չի ստացվում, շրջում եմ: Որոշ ժամանակ հետո նորից անդրադառնում եմ, այդպես կարող է մի քանի անգամ կրկնվել, մինչև ակնկալվող զրույցի կայանալը:
– Երկա՞ր եք աշխատում կտավի վրա:
– Շատ տարբեր է, նկար կա արագ է ծնվում, նկար կա, որ տանջում է քեզ: Երևի՝ ինչպես մարդն է ծնվում…
– Կա՞ն նկարներ, որոնցից չեք կարողանում ազատվել:
– Մի ժամանակ կային նկարներ, որ, այսպես ասած, արվեստանոցում ունեին իրենց տեղը: Մի նկար կար, շատ էի հավանում, գնորդ ունեցավ և գնաց ՝ Ամերիկա, լուսանկարը, որ տեսնում էի, ուզում էի մոտս լիներ, ափսոսում էի, որ վաճառեցի, բայց հետո սկսեցի այլ կերպ մտածել: Ի վերջո, նկարն էլ իր կյանքն ունի, չես կարող փակել արվեստանոցում և միայն ինքդ տեսնել: Մեկը կարող է իր տան պատից կախել, հետո վաճառել… Նկարն իր կյանքն ունի, եթե այն լավն է, ապրում է:
– Իսկ ի՞նչն է ապրեցնում նկարը՝ արվեստի ու՞ժը, թե՞ պրոֆեսիոնալիզմը:
– Ներքին էմոցիոնալ ուժը, էներգետիկան: Եթե նկարը լավն է, այդ ազդեցությունը լինում է:
– Ի՞նչ կասեք քաղաքաշինական նորությունների մասին, հուշարձանների, որ զարդարում են մայրաքաղաքը, և ոչ միայն: Թեկուզ Եղեգնաձորի օրինակով:
– Շատ բաներ կան, որ վատ են արվում: Եղեգնաձորում մի քանի փողոցներում շենքեր են կառուցել, բայց շենքի ճակատային մասից սկսվում են գազի հաստ խողովակները: Ի՞նչ է դա, գազախողովակային ճարտարապետությու՞ն, ո՞նց կարող է նման բան լինել: Երևանում էլ շատ բաներ չեմ հավանում: Օնլայն հարթակներից եմ տեղեկանում, հետո երբ Երևանում եմ լինում, ինքս մոտենում, նայում եմ, զգում եմ, որ ինչ-որ բան իր տեղում չէ: Ասենք՝ Արամի արձանը:
– Ինձ թվում է՝ երբ արձանը լավն է, այնքան է ձուլվում քաղաքին, որ անցնում, չես նկատում, Արամի արձանի մոտով անցնելիս միշտ նայում եմ, մտածելով, ինչու՞ է այստեղ:
– Քանդակն էլ ինձ դուր չի գալիս, բացի այդ, իր տեղում էլ չէ, ճիշտ չէ, մեկ ուրիշ ճարտարապետության վրա է դրվել, ուրիշ հեղինակի իրավունքն է խախտվել:
– Մյուս կողմից՝ չէ՞ որ արվեստագետը մրցույթում հաղթում է և իրականացնում գաղափարը, որ հաստատել է մասնագիտական հանձնախումբը:
-Ճիշտ ձևավորված մասնագիտական հանձնախումբը կարող է դրական գնահատել կամ մերժել: Բայց երբեմն հանձնաժողովի մասնագիտական կարծիքը անտեսվում և ինչ-որ մեկի կամքով է տեղադրվում այս կամ այն արձանը: Կարծում եմ՝ խնդիրները հիմնականում դրանից են առաջանում:
– Ի՞նչ խնդիր ունի նկարիչը Հայաստանում:
– Խնդիրներն ավելի շատ կենցաղային են, որ չես կարող անտեսել, բայց ժամանակ են խլում: Իրականում մանր խնդիրներ են, որ պետք է հեշտ լուծվեին, բայց մեր երկրում այդպես չէ:
– Լուրջ խնդիրներից, ծանր ապրումներից, զայրույթից, կարծում եմ, կարող է արվեստ ծնվել:
– Իհարկե, արվեստը միայն այն չէ, որ սիրուն լինի ու վերջ: Պիկասոյի բոլոր նկարները սիրու՞ն են: Չէ՛: Նկար կա, նայում ես, ճնշող տպավորություն է թողնում: Արվեստը միայն հիանալու և պայծառանալու համար չէ, այն պետք է ազդեցություն ուենա՝ և՛ դրական, և՛ բացասական:
– Դուք նկարիչների միության անդամ եք: Ի՞նչ կասեք միության գործունեության մասին: Նոր նախագահը իր հետ կարծես նոր փոփոխություններ է բերել:
– Ցուցահանդեսները, միջոցառումները, հանդիպումները ավելի հետաքրքիր են դարձել: Հետևում եմ միության ֆեյսբուքյան էջին, եթե Երևանում եմ, ցուցահանդեսներ են լինում, մտնում եմ, նայում: Սաֆարյանը կառուցողական աշխատանքներ կատարեց: Ժամանակին նկարիչներ կային, որ չէին էլ մտնում միություն, հիմա ցուցահանդեսների են մասնակցում և այլն: Ավելի աշխուժացել է միության գործունեությունը:
– Ձեր անհատական ցուցահանդեսին ե՞րբ սպասենք: Առհասարակ, ի՞նչ նորություններ ունեք:
– Անհատական ցուցահանդես դեռ չեմ նախատեսել, երբ այդ պահը գա, կիմանաք: Համագործակցում եմ «Gala Art Gallery»-ի հետ, որտեղ պարբերաբար հետաքրքիր անհատական և խմբակային ցուցադրություններ են կազմակերպվում, օժանդակում են արվեստագետների գործունեությանը, նաև աշխատանքների վաճառքին: Դրական եմ գնահատում իրենց գործունեությունը:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հետևեք մեզ նաև Telegram-ում