Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Tert.am-ին մանրամասն տեղեկություններ են հայտնի դարձել հունվարի 30-ին Պաշտպանության բանակի N զորամասում, ինչպես մամուլում է նշվում՝ «էլիտար» զոմասաում, շարքային Վահրամ Ավագյանի մահվան հանգամանների վերաբերյալ:
Ըստ Tert.am-ի տրամադրության տակ հայտնված տեղեկությունների՝ հունվարի 30-ի առավոտյան ՊԲ N զորամասի 2-րդ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի անձնակազմը ստացել է հաստիքային զենքերը և նախապատրաստվել մեկնելու բանակի ուսումնական կենտրոն` պլանավորված մարտական հրաձգությամբ կրակային վարժությունը կատարելու համար:
Սակայն մինչ այդ՝ շարքայիններ Վահրամ Մկրտիչի Ավագյանի և Դավիդ Առաքելի Մովսիսյանի միջև զորանոցի հարակից ծխարանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի պատճառը եղել է այն, թե իբր Դավիդ Մովսիսյանը հանդիմանել է շարքային Վահրամ Ավագյանին, որն իր զենքն անզգուշաբար ուղղել էր Մովսիսյանի վրա: Դրանից հետո զինվորները վիճել են, հայհոյանքներ հնչեցրել, տեղի է ունեցել քաշքշոց, ինչին միջամտել են զորամասի այլ ծառայողներ, միջադեպը կանխվել է մեկ այլ զինծառայողի՝ Ա. Սարգսյանի միջամտությամբ, որը, ըստ տեղեկությունների՝ «արտոնյալ» է զորամասում ու Դավիդ Մովսիսյանի հովանավորյալը:
Վիճաբանությունից հետո Ա. Սարգսյանը որոշել է պարզաբանումներ ստանալ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ըստ տեղեկությունների՝ Վահրամ Ավագյանն այդ միջադեպից հետո ճնշված է եղել, և մտավախություն է ունեցել սպասվող պարզաբանման համար:
Սակայն, այդ օրը ևս մեկ միջադեպ է գրանցվել Դավիդ Մովսիսյանի վերաբերյալ. կրակադաշտ մեկնելիս մեքենայի նստարանից Դավիդ Մովսիսյանը վայր է ընկել, ինչը զորամասի տղաների ծիծաղն է առաջացրել, որոնց Մովսիսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել, իսկ իր մտերիմներից Խ. Գասպարյանին, հասկացրել է, որ վիրավարանքները նրան չեն ուղղված, այլ իր «չուզողներին»: Վահրամ Ավագյանը մտածել է, որ վերջին ակնարկը ևս իրեն է ուղղված, սակայն չի պատասխանել:
Հրաձգարանում ՌՀԴն-ի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը ժամը 13.00-ի սահմաններում կրակոցների ձայն է լսել, և ղեկավարման կետից դուրս գալով տեսել է շարքային Վահրամ Ավագյանին, որը հայհոյանք և կրակոց արձակելով շարժվում էր իր համածառայակից ընկերների ուղղությամբ: Մայոր Գ. Գևորգյանը փորձել է հանգստացնել շարքային Վ. Ավագյանին` համոզելով, որ վայր դնի զենքը, սակայն Վ. Ավագյանը զենքն ուղղել է դեպի նա և սպառնացել, որ չմոտենա: Զինվորի նման պահվածքից մայոր Գ. Գևորգյանը ընկրկել է, իսկ Ավագյանը շարժվել է առաջ` շարունակելով անկանոն կրակոցներ արձակել տարբեր ուղղություններով: Մայոր Գ. Գևորգյանը իրավիճակը չհանգուցալուծած փորձել է մոտ կանչել սանիտարական ավտոմեքենան՝ հնարավոր վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար):
Ստեղծված իրադրությանն անմիջապես իր մասնակցությունն է ցուցաբերել ՌՀԴն-ի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, մայոր Խ. Ա.-ն: Թիկունքում լսելով կրակոցի ձայնը` նա անմիջապես շարժվել է այդ ուղղությամբ և շարքային Վ. Ավագյանին հանդիպել ուսումնական վահանակների մոտ: Մայոր Խ.Ա.-ն փորձել է թիկունքից մոտենալ շարքային Վ. Ավագյանին և վնասազերծել նրան, սակայն վերջինս նկատել է ԲՀԱ գծով տեղակալին և զենքն ուղղել դեպի նա, սպառնալով, որ հեռանա. «Պարոն մայոր, Դուք նոր եկած եք, չեմ ուզում ձեզ վնասեմ, կանգնեք…»(մայորը պաշտոնին նշանակվել է հունվարի 24-ին):
Այնուհետև, ըստ Խ. Ա.-ի պատմածի՝ Ավագյանը, կրակահերթ է արձակել դիտաշտարակի լեյտենանտ Վ. Վ.-ի ու նույն Խ. Գասպարյանի ուղղությամբ:
Մայոր Խ. Ա.-ն շարունակել է հորդորել Ավագյանին, որպեսզի վերջինս դադարեցնի իր գործողությունները, զենքը վայր դնի և հանդարտվի, միևնույն ժամանակ շարունակելով հետևել նրան: Սակայն, անսպասելիորեն շարքային Վ. Ավագյանը զենքը բարձրացրել է իր կրծքավանդակի ուղղությամբ և արձակել երկու կրակոց: Նրան անմիջապես տեղափոխել են սանիտարական մեքենա և տեղափոխել Իվանյանի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ գրանցել է զինծառայողի կենսաբանական մահը:
Հրաձգարանի միջադեպի վերաբերյալ զինծառայոները վերը նշածի տրամաբանությամբ բացատրություններ են տվել, գրեթե նույնաբովանդակ, նշել են, նաև, որ Ավագյանը կրակոցներ արձակելով և հայհոյանքներ հնչեցնելով շարժվել է այն ուղղությամբ, որտեղ գտնվել է շարքային Դավիդ Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում, ինչպես հայտնել էինք, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մովսիսյանին, Խ. Գասպարյանին և Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կրտսեր սերժանտ Ս. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 2-ին Վահրամ Ավագյանի հարազատները զինծառայողի դին վերցրել և գալիս էին Կառավարության մոտ, նրանք պնդում էին, որ իրենց որդին ինքնասպան չի եղել։ Զոհված զինծառայողի հարազատների հետ Էջմիածնում հանդիպել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչից հետո զինծառայողի հարազատները դադարեցրել էին բողոքի ակցիան և հուղարկավորել զինծառայողին:
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում