Դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են. Արծրուն Հովհաննիսյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։
Դեռ ավելին. Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- գրում է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ն տեղեկացրել էր, որ փետրվարի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։
Ըստ կայքի՝ այսօր վաղ առավոտվանից հակառակորդն անկանոն կրակոցներ է արձակում Կոթի գյուղի ուղղությամբ։
Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ Տավուշում հակառակորդը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ և հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։
«Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-գրել էր նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում