«Հրապարակ»․ Վիրուսի դասերը
Նմանատիպ
«Աշխարհը սարսափած է նոր արհավիրքից, որի անունն է կորոնավիրուս։ Տարիներ առաջ նման սարսափ առաջացրել էր ՍՊԻԴ-ը, որը, ծնվելով Միացյալ Նահանգներում, կամաց սկսեց տարածվել աշխարհով մեկ, և որի բուժման միջոցը երկար ժամանակ չէին գտնում։ Այն ժամանակ էլ մարդկանց մի մեծ խումբ վստահ էր, որ վիրուսն արհեստածին է, և դրա հիմքում բիզնես շահեր են ընկած։ Մի հսկա ինդուստրիա զարգացավ ՍՊԻԴ-ի կանխարգելման, բուժման, քարոզչական հողի վրա։ Մեծ թվով մարդիկ ու կազմակերպություններ հարստացան ու ծաղկեցին։
Հիմա էլ կորոնավիրուսի թեմայով են նման տեսություններ առաջ քաշում։ Ոմանք նկատում են, որ այս վիրուսի թիրախում հայտնվում են ամերիկյան գերտերության «հակառակորդ» երկրները։ Բայց անգամ եթե համարենք, որ այս վարկածները դավադրության տեսությունների շարքից են, նորահայտ վիրուսի տարածման ու կանխարգելման թեման ուշագրավ հետևությունների տեղիք է տալիս։
Նախ, նման համամարդկային աղետների ընթացքում ես հասկանում, որ աշխարհը միասնական է և արհավիրքներից անպաշտպան։ Որքան էլ դու մեկուսացած լինես քո հայկական լեռնաշխարհում, չես կարող զերծ մնալ մարդկությանը պատուհասած տարբեր աղետներից։ Եվ այդ երևույթների դեմ պայքարն էլ միասնական է։
Նաև հասկանում ես, որ ցանկացած աղետ ու արհավիրք լոկալացնելու միջոցները խիստ նվազել են։ Եվ երբ աշխարհի հեռավոր մի կետում պատերազմ կամ համաճարակ է բռնկվում, չես կարող անտարբեր նայել դրան, որովհետև այն անխուսափելիորեն վաղ թե ուշ հասնելու է քեզ։
Իսկ ժամանակակից աշխարհում՝ շատ ավելի վաղ, քան դու ծրագրում ես։ Եվ նման արհավիրքներին դիմակայելու համար ոչ միայն ժամանակակից առողջապահություն ու տեխնոլոգիաներ պետք է ունենաս, այլև խուճապների չտրվող, կայուն հոգեկան աշխարհով հասարակություն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում