Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը

Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Տարբեր ժամանակների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը‚ որը նվիրված էր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից‚ Երվանդ Երկանյանի «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմը‚ Ժիրայր Շահրիմանյանի «Երեք շարժում» ստեղծագործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար‚ և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը‚ որի կատարումը նվիրվեց Էդվարդ Միրզոյանի կնոջ՝ Ելենա Միրզոյանի հիշատակին։ Փառատոնային նախորդ 3 համերգները նվիրված էին Ալեքսանդր Հարությունյանի արվեստին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց‚ որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակն է հնչեցնել‚ թվայնացնել‚ ձայնագրել և տեսագրել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները‚ հանրահռչակել դրանք և ամենակարևորը՝ ներկայացնել երաժշտական ժառանգությունը‚ որ մենք ստացել ենք՝ 19-րդ դարի վերջերից սկսած։ Նվագախմբի տնօրենն ընդգծեց‚ որ կան շատ ստեղծագործություններ‚ որ փառատոնի կազմակերպիչները բացահայտում են ու ներկայացնում ունկնդիրներին։

Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը նշեց‚ որ «Երեք շարժում» ստեղծագործությունը գրել է 2014 թվականի աշնանը և կատարվում է առաջին անգամ։ Կոմպոզիտորը նկատեց‚ որ համագործակցության փորձ ունի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Շատ ուրախ եմ համագործակցության համար. ինձ շատ հոգեհարազատ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ մեր գործակցությունը շատ հարթ է ընթանում։ Սերգեյ Սմբատյանը շատ ուշադիր է ժամանակակից կոմպոզիտորների‚ նրանց ցանկությունների‚ մեկնաբանությունների նկատմամբ‚ և նվագախումբը շատ արագ արձագանքում է»‚- ասաց Ժիրայր Շահրիմանյանը։

Նա‚ խոսելով հայկական երաժշտության մասին‚ նկատեց‚ որ այն գտնվում է Արևելքի և Արևմուքի մշակութային ավանդույթների խաչմերուկում‚ ուստի սինթեզում է արևելյան ու արևմտյան մշակույթների հարստությունը. «Հայ կոմպոզիտորների‚ գրողների‚ նկարիչների մշակութային ժառանգության մեջ դա նշմարվում է։ Իմ երաժշտությունը բացառություն չէ։ Իսկ ընդհանրապես յուրաքանչյուր կոմպոզիտոր ունի իր ձեռագիրը‚ և եթե նրա աշխատանքն առանձնահատուկ է‚ ապա կսիրվի ու կհիշվի ունկնդրի կողմից»։
Հիշեցնենք‚ որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում