Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Հնարավոր է, որ գործը վաղեմության ժամկետով կարճվի, բայց դեռ խնդիրներ կան, պիտի հասկանամ, արդեն հինգ ամիս է, որ չեմ կարողանում պարզել, թե իմ դեմ ով է ցուցմունք տվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանն այն մասին, որ ինքը նախորդ շաբաթ հրավիրվել է ՀՔԾ, որտեղ փորձել են պարզել արդյոք համաձայն է, որ վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը:
«Էդպես հանդիպել եմ, հարցեր կան, ասացի հարցեր կան, պարզաբանեմ, հարցաքննություն չի եղել, չի էլ կարող լինել, ինչի մասին է խոսքը: Գիտեք, որ գործը վերաբերում է «Մարտի 1»-ի հետ կապված ինչ-որ փաստեր կոծկելուն, որն ընդհանրապես իմ հետ կապ չունի»,- մանրամասնեց նա:
Ալիկ Սարգսյանը նշեց, որ քրեական գործից իրեն որևէ նյութ չի տրամադրվում: «Տարօրինակ շատ բան կա էս երկրում, ծայրից ծայր տարօրինակ է ամեն ինչ: Ուզում եմ հասկանալ, թե գործն ինչի դեռ չի կարճվում, մի քիչ համբերեք, ինձ թվում է՝ եկող շաբաթ պարզ կլինի: Արդեն բոլոր ժամկետներն անցել են: Պիտի մեղավոր լինեմ, որ մեղադրանքը հասատատեն, պիտի կապ ունենամ մի բանի հետ: Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն: Ես հո գիտեմ ինչ եմ արել, ինչ չեմ արել»,– նկատեց նա:
Հատուկ քննչական ծառայությունը 2019 թ. սեպտեմբերի 25-ին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք էր առաջադրել երեք հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար: Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում