Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարիչ, հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցն իր կտավներում մշտապես ներկայացրել է հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա անմահությունը:
Փետրվարի 27-ին նշվում է մեծ ստեղծագործողի 160-ամյակը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն ասաց, որ Սուրենյանցի մասին խոսելիս պետք է ոտքի կանգնել, որովհետև նա հայ մեծագույն նկարիչներից է:
«Չնայած մեր արվեստը, մշակույթը դարավոր պատմություն ունեն, 19-րդ դարի նկարիչները մի նոր դպրոց, հաստոցային գեղանկարչության, թատրոնի, գրքի ձևավորման մի նոր կուլտուրա ստեղծեցին, որը, կարելի է ասել, ազգային գեղանկարչության զարգացման հիմքն է: Սուրենյանցը սովորել է Մյունխենում և շատ կարճ ժամանակամիջոցում այդ միջավայրում լավագույններից մեկն է դարձել, իսկ Ռուսաստանում մեծ նկարիչների կողքին դարձել է նրանց ընկերը: Այդ ժամանակների հանրահայտ նկարիչներն էին Սերովը, Սոմովը, Վրուբելը և այլք, որոնք ընդունեցին Սուրենյանցին: Կապ չուներ ո՛չ ազգանունը, ո՛չ ազգությունը, ո՛չ ընտանիքը. կարևորվում էր նկարչի տաղանդը»,-շեշտեց Միրզոյանը:
Նա հիշեցրեց, որ Սուրենյանցը գրքերի հրաշալի նկարազարդումներ է արել, ձևավորելով հայկական ժողովրդական հեքիաթներ`դրանց վեհություն է հաղորդել, իսկ Ստանիսլավսկին և թատրոնի այլ մեծեր նրան հրավիրել են ձևավորելու իրենց ներկայացումները: «Այդ մեծ արվեստագետը եկել է Հայաստան, նկարել Խրիմյան Հայրիկին: Մտածում եմ`եթե Հայաստանի ազգային պատկերասրահում չլիներ Սուրենյանցին նվիրված սրահը, շատ աղքատ կլիներ մեր կերպարվեստի այդ ժամանակաշրջանը: Նա դիմանկարի ժանրում ունի գլուխգործոցներ, բեմական արվեստում՝ նույնպես, բնանկարի արվեստում միայն «Հռիփսիմեի վանքը» հրաշալի է: Դրանք գործեր են, որոնք մեր պատմության անբաժան մասն են: Տպավորիչ են «Սալոմեն», «Արա Գեղեցիկ և Շամիրամ» և մի շարք այլ կտավներ: Ես չեմ պատկերացնում հայ կերպարվեստն առանց Սուրենյանցի: Երբ նրա կտավներում ուշադրություն ես դարձնում հայկական տարազին, ապշում ես, թե ինչ ճաշակով ու մեծ զգացմունքով է նկարել նա: Սիրահարվում ես: Սուրենյանցը պատահական չի ասել, որ չի կարող լինել համաշխարհային արվեստ՝ առանց ազգայինի»,-ընդգծեց ՀՀ ժողովրդական նկարիչը:
Փարավոն Միրզոյանի խոսքով` մենք պետք է անենք ամեն բան, որ Սուրենյանցի կտավները ցուցադրվեն աշխարհով մեկ, քանի որ նա համաշխարհային մեծություն է:
Վարդգես Սուրենյանցն իր ստեղծագործություններում մշտապես անդրադարձել է հայ ժողովրդին: Հայերի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։ Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսևորում է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ստեղծագործությունը:
Գոյատևելու հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում, որն իբրև պատմական բնանկարչության լավագույն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։ Գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է արված Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տունը» հեքիաթի, հայկական ժողովրդական «Օձամանուկ և Արևահատ», «Մոխրոտը», «Գառնուկ ախպեր», «Իմաստուն օձը» հեքիաթների պատկերազարդումները։ Նկարազարդել է Մետեռլինկի «Կույրեր», «Այնտեղ ներսում», «Անկոչը» պիեսները։
Պարսկաստան կատարած գիտարշավի տպավորությունների տակ Սուրենյանցը նկարել է արևելյան թեմաներով կտավներ։ Այդ թեմայով կտավներից ուշագրավ են Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվող «Հարեմում», «Ֆիրդուսին կարդում է իր «Շահնամե» պոեմը», «Սալոմե» գեղանկարները:
Տիրապետելով տասը լեզվի՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում