Աստծո սերը կենարար է
Նմանատիպ
«Եվ սրանո՛ւմ երևաց Աստծո սերը մեր հանդեպ. այն, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք»
(Ա Հովհաննես Դ 9):
Բանտում՝ զնդանի մութ և խոնավ անկյունում, մի բաղեղ աճեց: Անձրևի և ցողի ոչ մի կաթիլ երբևէ չէր ոռոգում նրան: Թույլ և կիսաչոր տերևները կլանում էին միայն բանտախցի փտած խոնավությունը: Բայց երբ եկավ ամառը, արևի ճառագայթը սկսեց ներթափանցել բանտարկության այս մռայլ տարածք: Եվ ամեն օր մեկ ժամ այս ճառագայթը տաքացնում էր խեղճ, մահացող բույսը:
Եվ ահա դրա մեջ սկսեց արթնանալ կյանքը, արմատները կենդանացան, տերևները սկսեցին ձգվել դեպի լույսը. ծառի դեղնած բույնը լցվեց թարմ հյութով: Նոր ծիլեր աճեցին: Եվ մի բարակ ճյուղ, որ աստիճանաբար բարձրանում էր պատի երկայնքով, վերջապես հասավ նեղ պատուհանին և երկաթե վանդակաճաղի միջով անցնելով դեպի դուրս՝ դեպի ազատություն՝ արդեն կարող էր ամբողջ օրը օգտվել արևի կենարար ճառագայթներից: Այս ճյուղը աճեց այնքան ժամանակ, մինչև խիտ կանաչով ծածկեց բանտի ամբողջ արտաքին պատը՝ գեղեցկացնելով ու թարմացնելով մռայլ շենքը:
Հավանաբար այսպես է լինում նաև մեղքի և անառակության մեջ բանտարկված մարդկային հոգու դեպքում: Երբ աստվածային սիրո ճառագայթը, ներթափանցելով հոգու մեջ, դիպչում է անողոք սրտին, հոգու մեջ արթնանում է ուրախ տրոփյուն, այն կենդանանում է և սկսում է աճել՝ իր մեջ կլանելով աստվածային լույսի բարեբեր ճառագայթը, և վերածնվում է կյանքը: Նա կենդանացած ճյուղի նման հագնվում է գեղեցիկ ու թարմ տերևներով և վերջապես Աստծո փառքի համար բերում է արդար պտուղներ:
Մարդկային իմաստությունը առաջնային և գլխավոր տեղ է զբաղեցնում ժողովուրդների պատմության մեջ: Բայց ոչ մի փիլիսոփայություն չի կարող հարություն տալ մեռած հոգուն: Գիտությունն այսօր հրաշքներ է գործում. բնության մեջ առկա բոլոր խոչընդոտները վերացվում են, հեռավորությունը արդեն պատնեշ չի հանդիսանում շփման համար, ուղիներ են կառուցվում գետնի և ջրերի տակ:Անչափելի տարածությունների միջով բանակցություններ են անցկացվում: Երկնային մարմինները հաշվարկվում և չափվում են մաթեմատիկական ճշգրտությամբ: Բայց նույնիսկ ամենաճշգրիտ գիտությունը չի կարող լուծել կյանքի և մահվան կարևոր հարցը: Ավելին, նա ի զորու չէ վերադարձնել, կենդանացնել հանգած կյանքը: Միայն Քրիստոսն է կյանք տալիս. «որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան» (Հովհաննես Ժ 10):
Միայն Քրիստոսի Խոսքն ու Հոգին է նորոգում և կենդանացնում մահացած հոգին, միայն Նրա մեջ է փրկությունը և արթնությունը մեղքի քնից, քանի որ «նա, ով հավատում է Նրան, ունի հավիտենական կյանք» (Հովհաննես Զ 40):
Պատրաստեց` Գայանե ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում