Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակախոս, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակի կապակցությամբ փետրվարի 27-ին Հայաստանի ազգային գրադարանում Արծրունուն նվիրված միջոցառում կազմակերպվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգոր Արծրունու կյանքն ու գործունեությունը ներկայացրեց գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ Մայա Գրիգորյանը:
Նրա խոսքով` Գրիգոր Արծրունու ամենամեծ ձեռքբերումը «Մշակ» լրագրի ստեղծումն էր, որում նա ներկայացնում էր հասարակության վերափոխման, զարգացման նախադրյալները: «Թերթի հիմնադրմամբ Արծրունին կարողացավ իր շուրջ համախմբել ժամանակի առաջադեմ հասարակական գործիչների, գրողների, որոնց թվում էին Ալեքսանդր Շիրվանզադեն, Պերճ Պռոշյանը, Գաբրիել Սունդուկյանը, Ղազարոս Աղայանը և այլք»,-նշեց Մայա Գրիգորյանն ու հավելեց, որ Արծրունին նորովի էր ներկայացնում արևմտահայության խնդիրը, կարծում էր, որ դպրոցն անհրաժեշտ է տարանջատել եկեղեցուց, կարևորում էր ուսանողության դերը հասարակության զարգացման գործում և շեշտում, որ անհրաժեշտ է օգտագործել նրանց ներուժը:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկավ Արծրունիների տոհմի ներկայացուցիչ, երգիչ-երգահան Վահան Արծրունին, որը, խոսելով Գրիգոր Արծրունու «Մշակ» թերթի մասին, ասաց` 19-րդ դարում թերթը հասարակական կյանքի բոլոր խմորումների կենտրոնում էր, քանի որ հաղորդակցման այլ հնարավորություն չկար, չկային ազգային գաղափարները ներկայացնելու այլ միջոցներ: «Այդ շրջանում ձևավորվեցին հիմնական պատկերացումները ազգային դպրոցի, գաղափարախոսության և պետականության անհրաժեշտության գիտակցության մասին: «Մշակը» և’ հասարակական, և’ մշակութային կյանքի լուրջ հանգույց էր, որում տպագրվում էին գեղարվեստական գրական գործեր, կային գրաքննադատական, թատերագիտական նյութեր: Ըստ իս` Գրիգոր Արծրունուն արժևորելը շատ կարևոր է նախ և առաջ մեր կապը անցյալի հետ զգալու, հետո էլ մեր ներկան այդ անցյալով կարևորելու համար»,-ընդգծեց Վահան Արծրունին:
Երգահանը ցերեկույթին կատարեց իր և Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում