Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am2008թ․ «Մարտի 1-ը» կարևոր իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում և այսօր՝ «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին քայլերթ կազմակերպելով՝ մեր իշխանությունն ուզում է ժողովրդի մեջ արթնացնել հուզական հիշողությունը։ Այս մասին «Արմնույզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ժողովրդին կոչ էր արել մասնակցել «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված քայլերթին։

Ըստ Խուդոյանի՝ սա գուցե նաև կապված է սահմանադրական բարեփոխումների համար նախատեսված հանրաքվեին «Այո» ասելու պրոպագանդայի հետ։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանի դիտարկմամբ էլ՝ չարժե կազմակերպել նման հավաքներ, քայլերթներ, հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում տարածվում է կորոնավիրուսը․ «Հայաստանում կորոնավիրուս չկա, բայց այս վիրուսը տարածված է հարևան երկրներում։ Մարդկանց ասում ենք՝ մարդաշատ վայրերում չհավաքվել, բայց մենք նման քայլերթներ ե՞նք կազմակերպում»։

Նունե Ներսիսյանը նաև չի հասկանում՝ ինչու այս օրերին չեն կազմակերպվում հարգանքի տուրքեր Սումգայիթի ու Խոջալուի ջարդերի զոհերի հիշատակներին, բայց կազմակերպվում է «Մարտի 1-ի» քայլերթը․ «Սա ցույց է տալիս, որ այս իշխանությունը հուզական ֆոնի վրա շահարկում է իր քաղաքական շահերը՝ զոհերի իրավահաջորդների մոտ արթնացնելով այդ հուշերը»։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի խոսքով էլ՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք կարող է յուրաքանչյուր քաղաքացի մատուցել․ «Սակայն «Մարտի 1-ը» քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ ցածր մակարդակում շահարկվում է»։

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանար ոգեկոչել Մարտի 1-ի զոհերի հիշատակը, նա առանց կոչերի դա կաներ․ ««Մարտի 1-ը» Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել է մանրադրամ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ստերի վրա է կառուցում իր քաղաքականությունը, իսկ 2008թ․ մարտի 1-ին մենք նրան այսպիսին չէինք պատկերացնում»։

Հարցին՝ տարիներ առաջ «Մարտի 1-ի» զոհերի ծնողները մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին՝ իրենց երեխաների մահվան մեջ, հիմա ինչպե՞ս են Նիկոլ Փաշինյանի կողքին, Նարեկ Սամսոնյանը, ով տասը տարի առաջ ևս տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցն էր, նշել է․ «2015թ․ ՀԱԿ-ն ամեն ինչ փորձում էր անել, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը ստվերվի և այդ ժամանակ էլ «Մատի 1-ի» զոհերի ծնողների հարաբերությունները սրվեցին»։

Նարեկ Սամսոնյանը նշել է նաև, որ ցավալի է, որ այսօր ծնողների մեջ կան մարդիկ, որոնց համար իրենց երեխաների զոհվելը ևս խաղաքարտ է դարձել։

Նունե Ավանեսյանի խոսքով էլ՝ «Մարտի 1-ը» բացահայտված չէ և դեռ հարց է Նիկոլ Փաշինյանը կբացահայտի այն, թե ոչ․ «Ես ևս համակարծիք եմ այն տեսակետի հետ, որ «Մարտի 1-ի» զոհերի ծնողներից շատերն իրենց երեխաների մահը սգալու փոխարեն, քաղաքական նպատակներով շահարկում են»։

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարից, պարգևավճարներից՝ Սամվել Խուդոյանը նշել է․ «Իմ կարծիքով իշխանությունների համար մեկ սխալն է աղքատ երկրում մեծ չափով պարգևավճարներ տալը։ Ստացվում է՝ կաշառք են տալիս, որ կաշառք չվերցնեն։ Ու՞ր գնում ես, ժողովուրդը սրա մասին է խոսում։ Կաշառքն այնպիսի բան է, որ այն մարդը, ով հնարավորություն ունենա, ու իմանա չի բռնվելու, կվերցնի անպայման»։

Նունե Ներսիսյանի խոսքով էլ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար էլ պարգևավճարները քիչ են, նա նաև ԲԿ-ներ է փակում։

Նարեկ Սամսոնյանի գնահատմամբ էլ՝ պարգևավճարների նման բաշխումը «թավշյա թալան է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում