«Իրատես». ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել
Նմանատիպ
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին, որի ժամանակ առանց բանկային փոխանցումների ավելի քան 205 մլն դրամ է հավաքագրվել, հիմնականում իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց շրջապատի մարդիկ են եղել:
«Իրատեսի» տեղեկություններով՝ պատգամավորներին հրահանգված է եղել որոշակի թվով մարդկանց ներկայություն ապահովել, այնպիսի մարդկանց, որ ձեռքները թափ տալով չեն ներկայանա, այլ որոշակի գումար կփոխանցեն: «Ով ում կարողացել հրավիրել է՝ ընկերներ, ընտանիքի անդամներ, ծանոթներ և այլն:
Ներքին հրահանգ է եղել նաև, որ օլիգարխները, որ նոր իշխանության ձեռամբ «խոշոր գործարար» անվանումն են ստացել, չգան, չերևան դրամահավաքին, լրագրողների աչքից հեռու մնան: Բացի ՔՊ-ականներից, պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչներից ու նրանց մտերիմ անձանցից ներկա են եղել փոքր ու միջին բիզնես սկսած կամ սկսել ցանկացող անձինք:
Ամեն մեկն «իր լուման է ներդրել»՝ որպես երախտիք կամ ակնկալիք՝ շինթույլտվություն, լիցենզիա և այլ «դաբրոյի» տեսքով»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը՝ հավելելով, որ երեկոյի ընթացքում շողոքորթության պակաս չի զգացվել:
Թե այնուամենայնիվ գործարարները ներկայացուցիչների կամ բանկային փոխանցման միջոցով Փաշինյանի ղեկավարած կուսակցությանը գումար նվիրաբերել են, թե ոչ, պարզ կդառնա նվիրատուների անունները հրապարակելուց հետո միայն: ՔՊ-ից չեն շտապում անուններ տալ, ասում են՝ թղթաբանության հետ կապված երկար-բարակ գործ կա անելու:
Դրամահավաք-երեկոյի հետաքրքրական հանգամանքներից է նաև այն, որ հրավիրյալների հրավիրատոմսերի վրա նախապես գրված է եղել, որ այն կազմակերպվում է «ԱՅՈ»-ի քարոզարշավի ֆինանսավորման համար: Բայց երբ հասկացել են, որ 100 մլն դրամից ավելի գումար է հավաքվում, անձամբ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել ու հասկացրել, որ փողերի հանգանակումը ոչ թե քարոզարշավի, այլ կուսակցության դրամահավաք է:
Նշենք, որ Հանրաքվեի մասին օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է՝ Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100-հազարապատիկը (տվյալ դեպքում՝ 100 մլն դրամը), նույն օրենքի 3-րդ կետի առաջին մասի համաձայն՝ «սահմանված չափը գերազանցող գումարը պետք է պետական բյուջե մուտքագրվի»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում