Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արմենակավան, Խրամորթ, Նախիջևանիկ, Վարդաձոր, Ուղտասար եւ Փառուխ. հենց այս գյուղերում այսօր՝ փետրվարի 27-ին, նախընտրական հանդիպումներ ունեցան Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները։
Վ. Բալասանյանը նշեց, որ իր նախընտրական ծրագիրը, որը կազմվել է մասնագիտական լուրջ պատրաստվածություն ունեցողների ներգրավմամբ, հաշվի է առնում արցախցու համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները։ Այս գյուղերում հիմնականում առկա են երիտասարդ ընտանիքներին տնով ապահովելու, մանկապարտեզների բացակայության հարցերը։ Լուրջ է նաեւ գյուղերի ճանապարհային ենթակառուցվածնքների խնդիրը. վթարային վիճակում՝ կամուրջ, ոչ բարվոք վիճակում՝ ճանապարհներ։
«Իմ նախընտրական ծրագիրը ներառում է «Սեփական տանիք» շինարարական նոր հավակնոտ ծրագիր, որը կապահովի երիտասարդներին հարմարավետ նոր տներով։ Կապիտալ շինարարության ոլորտում ունենք բազում խնդիրներ: Հիմնովին պետք է վերանորոգվեն համայնքային ճանապարհները և կամուրջները։ Գիտեմ, թե ինչ վիճակում է գտնվում ձեր կանուրջը, որը կենսական նշանակություն ունի ուղտասարցու համար։ Խնդիրը կլինի մեր ուշադրության կենտրոնում, դրան պիտի լուծում տրվի օր առաջ»,– ասաց Բալասանյանը։
Կրթական համակարգի բարեփոխման, մասնավորապես, նախակրթական համակարգի պարտադիր ձևավորման եւ մեծ համայնքներում մսուր-մանկապարտեզներ կառուցելու հարցը նույնպես Բալասանյանի ծրագրի առանցքային հարցերից է։
«Այն համայնքներում, որտեղ կան դպրոցներ, բայց երեխաների փոքր թվի պատճառով շենքերն օգտագործվում են մասամբ, այդ մասը կհատկացվի մսուր-մանկապարտեզներին՝ համապատասխան վերակառուցումից հետո»,– ներկայացրեց Վ. Բալասանյանը:
Նախագահի թեկնածուն պատասխանեց նաեւ ընտրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին երկրի անվտանգությանը, աշխատավարձերին, թոշակներին ու աշխատատեղերի ստեղծմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում