«Թույլ տվեք չմեկնաբանեմ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: «Չեն էլ ամաչում 10 դրամ են տալիս»,– վիրավորված մուրացիկն ասաց իրեն 50 դրամ տվող կնոջը։ «Ով ինչքան կարող է»,– նույնքան վիրավորված պատասխանեց կինը, հավելելով, թե իրե՞նց ինչքան են փող տալիս, բա իրե՞նք ումից ուզեն։ «Սոցապ նախարարից»,- վրա բերեց այս երկուսի զրույցը լսող երրորդ անձը՝ շեշտելով. «8 ամսում 31 հազար դոլարի եկամուտ ունի»։ Ինչպես ասում են` այս ամենը չափազանց ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Իսկապե՞ս 8 ամսում նախարարի եկամուտը 31 հազար դոլար է կազմել, ինչպես նշում է մամուլը։ Եթե այո, ի՞նչ միջոցների հաշվին է այն գոյացել՝ կառավարության նիստից հետո հարցրինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ։
-Խոսքը վարչապետի հրամանով սահմանված նախարարի աշխատավարձի մասին է, ըստ որի ամսական աշխատավարձը կազմում է 1,5 մլն դրամ, որը ենթադրում է նաև պարգևավճարներ։ Սա նորություն չէ, պարզապես ևս մեկ անգամ այս հարցը շրջանառում են։
-Տիկին Բաթոյան, Ձեր ղեկավարած նախարարությունը ամենածանրաբեռնվածներից մեկն է, ամեն օր ականատես եք լինում մարդկանց ծայրահեղ ծանր սոցիալական վիճակին։ Այս համատեքստում ինչպե՞ս եք Ձեզ զգում` ստանալով այդքան բարձր աշխատավարձ։
-Ներողություն, այդ գումարը ես չեմ ինձ համար սահմանել։
-Պարզ է, սակայն հարցը դիտենք սոցիալական արդարության տեսանկյունից, եթե մեր քաղաքացիների աշխատավարձերը բարձրանում են 5-10 հազար դրամով, իսկ տվյալ դեպքում սոցապ նախարարինը սկսվում է 1,5 մլն դրամից, ըստ Ձեզ, որքանո՞վ է պաշտպանվում սոցիալական արդարության սկզբունքը։
-Դա վարչապետի հանձնարարականն է։
-Հասկանալի է, ես ուզում եմ Ձե՛ր տեսակետը ճշտել։
-Նորից եմ կրկնում` դա վարչապետի հանձնարարականն է, և եկեք ես չմեկնաբանեմ այն։ Որևէ այլ լրացում վարչապետի հանձնարարականին չեմ կարող անել։
-Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք քաղաքում շրջանառվող խոսակցությունները, թե աշխատավարձերի տեսքով օրինականացվում են անօրինական փողերը և ներկայացվում որպես օրինական եկամուտ։
-Թույլ տվեք չմեկնաբանեմ։ Իհարկե սրա հետ համաձայն չեմ։
-Լավ, այդ դեպքում մեկ հարց «Երեխաներին ընտանիք վերադարձնելու» ծրագրի առնչությամբ։ Գիշերօթիկ հաստատությունների փակվելուց հետո որքա՞ն գումար է տնտեսվել և գումարները ինչի՞ վրա են ծախսվել։
-Գումար չի տնտեսվել, քանի որ ֆինանսական միջոցներն ուղղվել են ցերեկային ծառայությանը, ընտանիքներին տրամադրվել են հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ, բնամթերք։ Այսինքն, երեխաները տանն են ստացել այն, ինչ պետք է ստանային գիշերօթիկ հաստատությունում։ Դրան գումարած` ընտանիքներին տրամադրվել է փոխհատուցում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց։ Մենք համագործակցում ենք նաև մասնավոր հատվածի հետ, որպեսզի կարողանանք լրացուցիչ աջակցություն տրամադրել ընտանքներին՝ սանտեխնիկայի և կահույքի մասով։
Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ
Հ.Գ. Եվ այսպես, եթե 1,5 մլն դրամը ըստ փոխարժեքի բաժանենք 480-ի, կստացվի 3125 դոլար, այսինքն, նախարարի 8 ամսվա աշխատավարձը կկազմի 25000 դոլար։ Բայց, ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում, և գուցե սրա համար է, որ ամսական 750 դոլար էլ տրամադրվել է որպես պարգևատրում, որն 8 ամսում կազմել է 6000 դոլար։ Այլ կերպ ասած` 2019-ի տնտեսական աճից և ստվերից դուրս բերված գումարների հավաքագրումից շահել են նախարարները։ Ի դեպ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ոչ վաղ անցյալում կլորիկ դրամաշնորհներ է ստացել նաև հայտնի հիմնադրամներից մեկից, սակայն գրագիտությունը չի բավարարել նույնիսկ սեփական հաշվետվությունները կազմելուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում