4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել

4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookՄեկ շաբաթ առաջ գրել էի, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում տեղակայված մ.թ.ա. երկրորդ հազարամյակից մեզ հասած ժայռապատկերները վտանգի տակ են։ Պատմական և մշակութային մեծ արժեք ներկայացնող այդ հուշարձանի անմիջական հարևանությամբ շինարարական աշխատանքներ են ընթանում, որի հետևանքով հող ու քարեր են լցվում ժայռապատկերների վրա։

Ահազանգիս ի պատասխան Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը՝ քաղաքացի Hakob Karapetyanը, սկզբից գրեց, որ հուշարձաններին ոչինչ չի սպառնում (չնայած իմ ներկայացրած լուսանկարները հակառակի մասին էին վկայում), ապա խոստացավ, որ հաջորդ առավոտյան «շինարարները լրացուցիչ կզգուշացվեն»։ Այսօր հետաքրքրվեցի, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար և հասկացա, որ ոչինչ։ Ամեն ինչ ճիշտ նույն վիճակում է, ինչ կար մեկ շաբաթ առաջ։ Հուշարձանը շարունակում է մնալ ոչնչացման վտանգի տակ։

Ես իհարկե չհասկացա, թե ինչու իմ ահազանգին հենց քաղաքապետարանից արձագանքեցին, այլ ոչ, օրինակ, ԿԳՄՍ նախարարությունից, որի կազմում Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն կա և որը շատ հստակ պարտավորություններ ունի այս հարցում։ Երևում է՝ Բրահմայի պես բազում երեսներ ունեցող ԿԳՄՍ նախարարն այս անգամ էլ սպորտի կամ գիտության դիմակն էր հագել այն պահին, երբ պիտի որպես մշակույթի նախարար ամեն ինչ աներ, որպեսզի այդ ժայռապատկերները փրկվեն։ Չգիտեմ։ Ամեն դեպքում խնդիրը շարունակում է չլուծված մնալ և դա ցավալի է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում