«Արթնացե՛ք, պատրաստվե՛ք, այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել». ԱՀԿ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները փետրվարի 28-ին հայտարարել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ռիսկն այժմ շատ բարձր է գնահատվում: Այս մասին տեղեկացնում է cnbc.com կայքը:
«Մենք գտնվում ենք կորոնավիրուսի տարածման ու ազդեցության տեսանկյունից ռիսկայնության ամենաբարձր մակարդակի վրա: Սա իրականության գնահատում է մոլորակի բոլոր կառավարությունների համար: Արթնացե՛ք, պատրաստվե՛ք: Այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել, և դուք պետք է պատրաստ լինեք: Դուք պատրաստ լինելու պարտավորություն ունեք ձեր քաղաքացիների առջև, պարտավորություն ունեք աշխարհի առջև»,- հայտարարել է ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար, դոկտոր Մայք Ռայանը:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսն էլ ներկայացրել է կորոնավիրուսի տարածման համայնապատկերը տարբեր երկրներում և նշել է, որ պատրաստ լինելու դեպքում այն սարսափելի չէ, սարսափելի է միայն խուճապը, որը ստեղծվել է մարդկանց մոտ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրությունների համաձայն` վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցը հիգիենային հետևելն է, մասնավորապես` հաճախակի ձեռքերը լվանալն ու այն վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով: Մրսածության և փռշտալու ժամանակ պետք է փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ: Հնարավորին չափ պետք է խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, ինչպես նաև մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն: Ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն:
Մի շարք երկրներում, օրինակ` Շվեյցարիայում, կորոնավիրուսով վարակվելու դեպքերի բացահայտումից հետո արգելվել են զանգվածային միջոցառումները։
Իրանում իշխանությունները կոչ են արել մզկիթներում ուրբաթօրյա աղոթքներ չանցկացնել։
Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 79 251-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում