Հետաքրքիր զարգացումներ Ամուլսարի շուրջ. ի՞նչ են ծրագրել իշխանությունները

Հետաքրքիր զարգացումներ Ամուլսարի շուրջ. ի՞նչ են ծրագրել իշխանությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՄինչ բոլորի ուշադրությունը սևեռված է մնում ապրիլյան հանրաքվեի ուղղությամբ, հետաքրքիր պրոցեսներ են նկատվում Ամուլսարի հանքի շուրջ ստեղծած իրավիճակում:

Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից դրա պահանջներին չհամապատասխանելու պատճառով հեռացված «Լիդիանը» կարծես սկսել է փոքրիկ հաղթանակներ գրանցել այստեղ՝ Հայաստանում: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Վարչական դատարանը Ամուլսարի գործով անվավեր է ճանաչել Բնապահպանական տեսչության երկրորդ հիմնարար փաստաթղթի՝ ստուգման ակտի բոլոր հիմնական կետերը։ Մի քանի ամիս առաջ էլ չեղարկվել էր Ամուլսարում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ տեսչական մարմնի որոշումը։ Որոշ բնապահպաններ արդեն իսկ հնչեցնում են ահազանգ այն մասին, որ այս ամենով, ըստ էության, փոշիացվում են Ամուլսարի հանքավայրի շահագործման անօրինականություններն արձանագրած Բնապահպանական տեսչության բացահայտումները՝ դրանից բխող իրավական հետևանքներով։

Հետաքրքիր է, որ բոլորովին վերջերս Պիեռ Հեյլբրոնի գլխավորությամբ ՎԶԵԲ պատվիրակությանը հյուրընկալած փոխվարչապետ Ավինյանը (Ամուլսարի ներդրումային նախագծում մասնակցություն ունի նաև Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկը), իր վերջին հարցազրույցներից մեկում պատասխանելով Ամուլսարին առնչվող հարցին, կրկին բարձրացրել էր պետության կողմից ստանձնած պարտավորությունների խնդիրը՝ շեշտելով, որ դրանց չկատարումը բացասաբար կանդրադառնա երկրի իմիջի վրա:

Ավելի վաղ՝ կապանյան ասուլիսի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին կրկին անգամ հորդորել էր բացել ճանապարհները: «Մեր սիրելի հայրենակիցների գործողությունները համարում եմ ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս»,- հայտարարել էր վարչապետն ու հավելել, որ շահագրգռված է Ամուլսարի հանքի շահագործմամբ, քանի որ «եթե հանքը շահագործվեր, մենք կունենայինք ավելի մեծ տնտեսական աճ»: Միաժամանակ Փաշինյանն անընդունելի էր համարել ի վնաս բնության հանքի շահագործումը:

Ամուլսարի հարցը Ստամբուլյան կոնվենցիայի հետ մեկտեղ, ըստ էության, շարունակում է լինել ներկայիս իշխանությունների ամենադժվար լուծելիք խնդիրներից մեկը: Փաշինյանի կողմից նույն Ամուլսարի վերաբերյալ հնչող հարցերին տրվող պատասխանների անորոշությունը, ոչ միանշանակ լինելը վկայում է մեկ բանի մասին. իշխանությունները վախենում են պարզորոշ կերպով շարադրել խնդրի վերաբերյալ իրենց ունեցած իրական դիրքորոշումը:

Իշխանություններն իսկապես ծանր դրության մեջ են հայտնվել, քանի որ մի կողմից խնդիր ունեն՝ դրսի շահագրգիռ ուժերին ապացուցելու իրենց ընդունակությունը՝ հարկ եղած դեպքում գնալու ոչ պոպուլյար որոշումների, մյուս կողմից, փաստորեն խնդիր է առաջանում ներսում. հասարակությունը ոչ մի դեպքում չի համաձայնի սերունդների առողջության ու բնության հաշվին «հարստանալու» տարբերակին մանավանդ, որ խիստ մեծ է հավանականությունը, որ հանքի շահագործման դրական հետևանքները կարող են զգալ միայն, օրինակ, պետական օղակի աշխատողներն ասենք՝ ավելի մեծ պարգևավճարների ստացման տեսքով: Վերջիվերջո, պետք չէ մոռանալ, որ տասնամյակներ առաջ Հայաստանի խորհրդային իշխանությունները դեռ այն ժամանակ կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանգել էին անբեկանելի եզրակացության, որ Ամուլսարի հանքը, ուր ոսկուց բացի կան նաև ոչ փոքր ծավալի ուրանի պաշարներ, կարող է անդառնալի հարված հասցնել երկրի բնությանն ու ամայացնել այն: Այս մասին, իհարկե, տեղյակ են նաև իշխանությունները, սակայն նորհայաստանյան իրողություններից մեկն էլ այն է, որ առնվազն մի շարք հարցերում, ինչպիսին նաև այս մեկն է, իշխանությունները որոշում կայացնելիս արտոնություն չունեն ինքնուրույնություն դրսևորելու և կարող են բախվել դրսի հակազդեցությանը՝ իրենց համար դրանից բխող նաև քաղաքական հետևանքներով:

Մյուս կողմից՝ ուշագրավ է նաև Ամուլսարի թնջուկի մեկ այլ՝ ներքաղաքական կողմը: Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ այս ուղղությամբ արվելիք քայլերն ակտիվ փուլ կթևակոխեն սպասվող հանրաքվեից հետո, երբ, փաստորեն, դրական արդյունքի արձանագրման պարագայում, պատկերավոր ասած, կամբողջանա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Գուցե ՍԴ շուրջ ցանկալի արդյունք գրանցելու դիմաց խոստացվել է նաև Ամուլսարի թնջուկի հաջող հանգուցալուծո՞ւմ, որի այլընտրանքը կարող է դառնալ արբիտրաժային դատարանը, ուր իշխանություններն ակնհայտորեն չեն շտապում՝ սթափ գնահատելով դրանից բխող ռիսկերը:

Միաժամանակ չի բացառվում, որ հանրաքվեին գրանցելիք հնարավոր դրական արդյունքն իշխանությունները փորձեն կապիտալիզացնել նաև Ամուլսարի ուղղությամբ ու հայտարարեն, թե քանի որ ունեն «հանրային լայն աջակցություն», ուրեմն՝ իրավասու են՝ նույն ժողովրդի անունից կայացնելու այնպիսի որոշումներ, որոնց դեմ են հանդես գալիս մի շարք բնապահպանական ակտիվ խմբեր՝ իշխանություններին մատնացույց անելով խնդրում հենց հանրային աջակցության թերիությունը: Վերջապես պետք չէ մոռանալ, որ իշխանական թիմի ներկայացուցիչները հաճախ են մատնանշում ընտրություններին ստացած բարձր տոկոսներն ու դրանցով արդարացնում իրենց կողմից կայացվող այս կամ այն խոցելի որոշումները:

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Ամուլսարի խնդիրը կրկին ակտիվ օրակարգ է մտնելու միայն ապրիլից հետո. դրանից շուտ քաղաքականապես աննպատակահարմար է:

Վարդգես ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում