Կինոյի պետական կառավարումը 2017-20-ին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Irates.am։ Հայկական կինոյի աղետալի վիճակի, Հայաստանի ազգային կինոկենտրոնում հաստատված բարքերի մասին մեր բազում ահազանգումներն այս անգամ որոշեցինք ներկայացնել սոսկական փաստերի հիշատակումով՝ հուսալով, որ դրանց լուծմանը կոչված մարդիկ գոնե շարադրման այս ձևին ուշադրություն կդարձնեն ու դուրս կգան քնած վիճակից:
․ Ազգային կինոկենտրոնը շուրջ 3 տարի ղեկավարող անձը 2017-ին նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (Ժ/պ) Արմեն Ամիրյանի կամայական որոշմամբ, առանց մրցույթի:
․ Կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ն կամայական որոշմամբ կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակել մեկին, ով բազմակի պետական ֆինանսավորում ստանալու պարագայում, չի ավարտել 17 տարի առաջ՝ 2003-ից սկսած իր միակ խաղարկային ֆիլմի արտադրությունը:
․ Կինոկենտրոնի ժ/պ-ն կամայական որոշմամբ Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի հավաքին որպես ՀՀ ներկայացուցիչ գործուղել է կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավարին, ինչը կոպտորեն ոտնահարում է «Եվրիմաժին» դիմող ֆիլմարտադրողների իրավունքները և կասկածի տակ է դնում այդ ներկայացուցչի պարագայում «Եվրիմաժին» Հայաստանի մասնակցության նպատակահարմարությունը:
․ Կինոկենտրոնը ամեն տարի, ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովների ընտրությանը նախորդող ժամանակահատվածում, ֆիլմարտադրողների համար պայմանները վատթարացնող նորմեր կիրառելով, կամայականորեն փոխել է իր կանոնակարգը:
․ 2018 թ. Նազենի Ղարիբյանի ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովը ապօրինի որոշմամբ, առաջին անգամ հայ կինոյի պատմության մեջ արգելափակվել է խաղարկային լիամետրաժ ֆիլմի արտադրությունը՝ ստեղծագործող թիմին և պետությանը պատճառելով խոշոր չափի նյութական և բարոյական վնաս:
․ 2018-ին նույն հանձնաժողովը առաջին անգամ հայ կինոյի պատմության մեջ ֆիլմարտադրող ընկերությանը զրկել է ֆիլմերի ֆինանսավորման պետական մրցույթներին մասնակցելու հնարավորությունից, սահմանափակելով ընկերության մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքը:
․ Կինոկենտրոնը չի հրապարակել 2017-18 թթ. ֆինանսավորումը, այդ թվում` հատուկ որոշմամբ՝ հավելյալ ֆինանսավորում ստացած ֆիլմերի ցանկը և ֆինանսավորման չափը:
․ 2019 թ. կինոկենտրոնի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովների աշխատանքից դժգոհությունը սկսել է կրել զանգվածային բնույթ: Հրապարակվել են հովանավորչության, նույն արտադրողի նախագծերը բազմակի ֆինանսավորելու, հանձնաժողովներում ընդգրկված կամ նրանց հետ շաղկապված անձանց նախագծերը ֆինանսավորելու, ֆինանսավորում չստացած կինոնախագծերին պատշաճ բացատրություններ չտրամադրելու, կոռուպցիոն գործարքների բազմաթիվ փաստեր:
․ 2019-20 թթ. ՀՀ պետական բյուջեի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «11005. Աջակցություն կինոարվեստին» և «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին և կինոնախագծերին մասնակցություն» կետերով հատկացվել են տասնյակ միլիոնների դրամաշնորհներ միջազգային կինոշուկաներին կինոկենտրոնի ադմինիստրատիվ կազմի մասնակցության համար, որոնց չեն հաջորդել մասնակցության արդյունավետության, փաստացի արդյունքների նկարագրությամբ հրապարակային հաշվետվությունները:
Այս նյութն արդեն պատրաստ էր, երբ հայտնի դարձավ Հայաստանի ազգային կինոկենտրոի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հերթական համատեղ զեղծարարության փաստը:
․ 2020 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ է հատկացրել ազգային կինոկենտրոնի կողմից ներկայացված պաշտոնական կեղծիքով ծրագրին` մասնավոր միջոցառմանը ռեժիսորի մասնակցության ծախսերը հոգալու համար, մեջբերում եմ նախարարի հրամանը. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «11005. Աջակցություն կինոարվեստին» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսված գումարներից (տող՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին և կինոնախագծերին մասնակցություն») հատկացնել…»:
․ Կինոկենտրոնը ծրագրում գրել է՝ «Ս. թ. փետրվարի 21-ին Մոնտելիմարում (Ֆրանսիա) կայանալիք «Գիրը՝ Էկրանին» կինոփառատոնում ցուցադրվելու է Ա. Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային լիամետրաժ ֆիլմը»: Ապա, նույն ծրագրում՝ «Մոնտելիմարի «Գիրը՝ Էկրանին» կինոփառատոնում ֆիլմի ցուցադրության շրջանակներում լրատվական լուսաբանումներ, մոտ 1000 հանդիսատես, 300-ից ավելի հյուրեր և մասնակիցներ, 10-ից ավելի փառատոների և դիստրիբյուտորական ընկերությունների ներկայացուցիչներ…»:
․ Կինոկենտրոնը հղում է արել մի կինոփառատոնի, որի պաշտոնական էջում նշված են անցկացման ժամկետները՝ 2020 թ., սեպտեմբերի 18-26: Կինոկենտրոնը կեղծել է փառատոնի անցկացման ժամկետը, մեկ ֆիլմի միանգամյա ցուցադրության փաստը ներկայացնելով որպես փառատոնի մասնակցություն: Ինչու է կինոկենտրոնը գնացել այս կեղծիքին, որովհետև «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է դրամաշնորհ, եթե ծրագրում հիմնավորված է՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին և կինոնախագծերին մասնակցություն»:
․ Կինոկենտրոնը ֆեյք միջացառման հիշատակմամբ, պաշտոնական կեղծիքով ծրագիր է ներկայացրել ԿԳՄՍ, որտեղ գիտակցաբար կամ անտեղյակությունից, ընդունել և հաստատել են՝ տրամադրելով դրամաշնորհ: Ո՞վ է մեղավոր՝ կինոկենտրոնի հանցագործ տնօրենությու՞նը, որ կեղծիք է թույլ տվել ծրագրում, կինոկենտրոնի ինքնահռչակ գեղարվեստական ղեկավա՞րը, որ հիշյալ ռեժիսորի պրոդյուսերն է, ԿԳՄՍ կինոյի բաժնի «մասնագե՞տը», որ հիշյալ ռեժիսորի ասիստենտն է, թե ԿԳՄՍ կինոյի պատասխանատու Արայիկ Խզմալյանը, որի Բեռլինալեի մասնակցության հետ կապված պատասխանին կանդրադառնամ առանձին, թքած ունեմ ով է մեղավոր, ես ընդամենը զգուշացրել եմ կինոյի չինովնիկներին, որ, արգելափակելով «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» և «ԹՈՂՈՒԹՅՈՒՆ» ֆիլմերը, նրանք հարաբերությունները տեղափոխել են իրավական դաշտ ու նրանց ոչ մի հարցում զիջում չի լինելու:
Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ
Կինոռեժիսոր, պրոդյուսեր
Հ. Գ. Կինոյի պետական աղետալի կառավարման բազմաթիվ այլ փաստերի, հայկական կինոարտադրությունը խոր ճգնաժամից դուրս բերելու ելքերի քննարկման նպատակով ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան հրավիրում է կինոյի մարդկանց՝ 2020 թ. մարտի 12-ին, ժամը 12:00-ին, ՖԱՅՖ 14-րդ հավաքին: