«Փաստ». Բարձր աշխատավարձը, փաստորեն, բավական չէ, դեռ մեկը մյուսի հետևից շարունակում են պարգևավճարներ ստանալ
Նմանատիպ
«Փաստ» թերթը գրում է. «Ժողովրդի ձայնը և սատարումը ստանալու համար Նիկոլ Փաշինյանի հիմնական խոստումն այն էր, թե ինքը, գալով իշխանության, բարելավելու է քաղաքացիների կյանքի որակը և կենսամակարդակը, թռիչքաձև զարգացնելու է երկրի տնտեսությունը։
Եվ ահա, շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման երկու տարին, սակայն քաղաքացիների կյանքի բարելավում այդպես էլ նկատելի չէ։ Չնայած վարչապետ Փաշինյանը շարունակում է մարդկանց հույսով անել տարբեր վիճակագրական ցուցանիշներով և ընդգծել, թե ապրիլի 5-ի հանրաքվեում «այո»-ի հաղթելուց հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, այնուամենայնիվ, ցանկացած ոք քաղաքացիների հետ անմիջական շփումներում կարող է համոզվել, որ մարդկանց հույսերը հիմնականում իրականություն չեն դարձել։
Ու որքան էլ տարօրինակ է, չնայած ժողովրդի վիճակը նույնն է մնացել, հանրության որոշ հատվածի կյանքի որակը կտրուկ բարելավվել է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց ստացած առանց այն էլ բարձր աշխատավարձը, փաստորեն, բավական չէ, դեռ մեկը մյուսի հետևից շարունակում են պարգևավճարներ ստանալ։
Անցած տարի վարչապետի կողմից նախարարների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի՝ հանրությունից գաղտնի կրկնապատկումը լուրջ աղմուկի տեղիք տվեց։ Եվ իշխանությունները իրենց այդ քայլերի համար սուր քննադատությունների ենթարկվեցին։ Սակայն պարգևավճարների հետ կապված օրեցօր նորանոր մանրամասնություններ են հայտնի դառնում այս օրերին՝ ի ցույց դնելով աստղաբաշխական թվեր:
Ու իշխանությունների նման շռայլությունները քաղաքացիների շրջանում մեծացնում են հիասթափությունը և դժգոհության տեղիք տալիս. ի վերջո, ստացվում է այնպես, որ Փաշինյանը խոստացել էր բարելավել քաղաքացիների կյանքը, սակայն բարելավում է միայն իշխանավորների կյանքի որակը։ Քաղաքացիների աշխատավարձերն ու թոշակները բարձրացել են ընդամենը մի քանի հազար դրամով, իսկ պաշտոնյաները միլիոնավոր դրամների պարգևատրումներ են ստանում։
Թվում էր, թե այսպիսի իրավիճակը պետք է սթափեցնի իշխանություններին, և նրանք պարգևատրումներ կհատկացնեն միայն պետական կառավարման այն օղակներում, որտեղ զգալի աշխատանք է կատարվել, որն արժանի է գնահատանքի։ Այնուամենայնիվ, ժամանակը ցույց է տալիս, որ իշխանությունները ինչպես շենքի հիմքը դրել են, այնպես էլ շարունակում են։ Մի խոսքով ասած՝ անդրդվելի են։
Իսկ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ իշխանությունը մեկուսանում է հանրությունից, հանրության հետ առողջ հաղորդակցության խողովակները դադարում են գործել։ Այս դասը պետք է առանցքային օրինակ լինի ներկայիս իշխանության համար՝ հասկանալու, որ պետք չէ սեփական նախաձեռնությունները ներկայացնել հանրության անունից և ըստ այդմ շռայլել բյուջեի միջոցները, այլ պետք է շարժվել հանրության պահանջներին համապատասխան։
Եթե հանրությունը այս հարցում շարունակ անտեսված մնա, ապա հեռու չէ այն պահը, երբ առկա դժգոհությունները կարող են ավելի խորանալ՝ բողոքի տարբեր դրսևորումներ ստանալով, քանի որ մարդկանց համբերությունն անվերջ չէ, իսկ երկու տարին հսկայական ժամանակահատված էր փոփոխություններ իրականացնելու համար։ Այնպես որ, իշխանություններին քիչ ժամանակ է մնացել իրենց կառավարման արդյունավետությունը հասարակությանը ի ցույց դնելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում