Վարչապետի խոսքի արժեքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Times.am: Նիկոլ Փաշինյանը չգիտի խոսքի արժեքը։ Նա կարող է բարձրաձայն մեղադրել եվրոպական կառույցներին կոռումպացվածության մեջ, կարող է պատմել, թե որքան պարենի պաշարներ կան Հայաստանում, կամ տարածվող վիրուսի մասին խոսել քամահրանքով։
Lրագրողները լավ գիտեն խոսքի արժեքը, քանի որ դա իրենց «զենքն» է։ Նիկոլ Փաշինյանը իր լրագրողական կարիերայի ընթացքում բազմիցս օգտագործել է իր «զենքը» ընդդեմ իշխանությունների՝ այդ կերպ խաթարելով նրանց անդորրը։ Ընթերցողները սա արժևորում էին, իշխանությունները՝ նույնպես՝ զգուշանալով իր քննադատություններից։ Որպես լրագրող նրա խոսքն արժեք ուներ։
Այնուհետև իր սուր խոսքով և քննադատությամբ նա որպես պատգամավոր իր ուրույն տեղը զբաղեցրեց ընդդիմադիր դաշտում։ Նրա խոսքը, հաճախ չափազանցված, բայց դիպուկ և պատկերավոր, գտնում էր իր սպառողին, արտահայտում նրա բողոքը ընդդեմ իրերի դրության։ Իշխանությունները նույնպես ուշադիր էին։ Ազգային ժողովում նրա ելույթները հաճախ ռեզոնանս էին առաջացնում մամուլում և սոցիալական ցանցերում։ Այս կերպ նրա խոսքը նույնպես արժևորվում էր։
Ամենապատասխանատու պետական պաշտոն զբաղեցնելով՝ Փաշինյանը սկսեց արժեզրկել իր խոսքը։ Մի կողմից կար ցանկություն՝ հաճախ շփվել քաղաքացիների հետ։ Մյուս կողմից չպետք էր մոռանալ, որ հանրապետության վարչապետի խոսքը պետք է այլ լինի, տարբերվի բոլորինից։ Նրան չհաջողվեց գտնել լավագույն ոսկե միջինը։ Արդյունքում նա սկսեց խոսել ամեն օր, ամեն տեղ, ամեն մեկի հետ և ստացվեց, որ «վարչապետն է խոսում» արտահատությունը այլևս հետաքրքիր չէ շատերին։
Բացի խոսքի քանակի գերդոզավորումից մեկ այլ խնդիր էլ կա։ Փաշինյանը հաշիվ չի տալիս իրեն, թե ում հետ է խոսում։ Կա՛մ առհասարակ նա խոսում է բոլորի հետ, կա՛մ խոսում միայն նրանց, ովքեր երբեք չեն վերլուծի իր ասածները։ Օրինակ՝ նա մեղադրում է նախկիններին, որ նրանք Եվրոպայում պաշտոնյանների կոշիկներն են «լիզում»։ Ո՞ւմ է սա ուղված։ Մե՞զ, նախկինների՞ն, թե՞ եվրոպացիների՞ն։ Այս երեքից ո՞ւմ է հաճելի լսել նման խոսքեր։ Կամ ի՞նչ նպատակ է հետապնդում դա ասելը։ Պարզ չէ, մինչև չհասկանանք, թե ում հետ է նա խոսում։ Գուցե պետք է տարբերել լսարանները և հասկանալ, որ այսօր քո խոսքերը իրականում ավելի մեծ արժեք ունեն։
Պետության ղեկավարը խոսելիս պետք է մեկ կարևոր բան հաշվի առնի։ Նրան լսում է աշխարհը՝ սկսած Հայաստանի քաղաքացիներից մինչև օտար երկրների ղեկավարներ։ Նրա խոսքին վերաբերում են ավելի լուրջ, քան մյուսների դեպքում։ Նրա խոսքը մարդկանց կարող է դրդել գործողությունների կամ անգործության։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը ավելի ուշադիր պետք է լինի թե՛ մտքերի, թե՛ բառերի ընտրության մեջ։
Կարեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում