«Փաստ»․ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 87 000 «նոր աշխատատեղից» քանիսն են նոր ստեղծվել, քանիսը դուրս եկել ստվերից
Նմանատիպ
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասել էր՝ 2018 թ. մայիսից հետո Հայաստանում 87 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին նշված էր նաև «ԱՅՈ»-ի նախընտրական բուկլետում:
«Փաստը» հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ առաջարկելով պարզաբանել, թե այդ աշխատատեղերից քանիսն են նոր ստեղծվել և քանիսն են ուղղակի ստվերից դուրս եկած՝ խնդրելով տրամադրել նաև այն կազմակերպությունների, հիմնարկների ցանկը, որոնց միջոցով այդ աշխատատեղերը ստեղծվել են: Մեր հարցումը վերահասցեագրվել էր Պետական եկամուտների կոմիտեին:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայում հաշվառվում են գործատուների կողմից գրանցված աշխատողները, որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս հաշվարկում են եկամտային հարկ:
Համաձայն հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների՝ 2019 թ. դեկտեմբերին 2018 թ. ապրիլի համեմատությամբ աշխատատեղերի քանակն աճել է 87 281-վ:
Միևնույն ժամանակ պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ «գործատուների կողմից ընդունումը և ազատումը դինամիկ գործընթաց է, և վերջիններիս մոտ պարբերաբար աշխատատեղերի թվաքանակը ենթարկվում է փոփոխության, որի գնահատականը հարկային մարմնի կողմից չի կարող տրվել, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրման և հարկային վարչարարության արդյունք»:
ՊԵԿ-ը «Փաստին» է ներկայացրել նաև 2018 թ. ապրիլի դրությամբ և 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատատեղերի համեմատությունը՝ ըստ հարկ վճարողների, որին «Փաստն» առավել մանրամասն կանդրադառնա իր առաջիկա համարներից մեկում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում