Մի որոշ ժամանակ հետո գերեզմանի վրա լույսը անհայտացավ
Նմանատիպ
«Հարություն առա՞վ Քրիստոս, թե՞ ոչ: Սա հիմնավոր հարց է, թե՛ կրոնական, թե՛ փիլիսոփայական, և թե՛ մարդկային հայացքներին վերաբերող ամբողջ գիտության, քանի որ հարություն առնել կարող էր միայն Աստված»:
…Հետևաբար, Հարությանը վերաբերող հարցը առանցքային հարց է:
Մի քանի մեծ նշանակություն ունեցող հայտնագործություններից հետո Հարության փաստը իր կյանքի մայրամուտին ընդունեց նաև ոչ այլ ոք, եթե ոչ ինքը` Ֆրիդրիխ Էնգելսը. «..Կապադովկյան նորագույն բացահայտումները պարտադրում են մեզ փոխել մեր հայացքները համաշխարհային պատմության մի քանի, բայց շատ կարևոր իրադարձությունների վերաբերյալ: Եվ այն, որ առաջ համարվում էր առասպելաբանների ուշադրությանը միայն արժանի, այժմ արդեն պետք է գրավի պատմաբաններին: Նոր փաստաթղթեր, իրենց համոզվածությամբ գրավելով անգամ հոռետես մարդկանց, խոսում են հօգուտ պատմության մեջ եղած մեծագույն հրաշքի՝ մահից դեպի կյանք Նրա վերադարձի մասին, Ով այդ կյանքը զոհեց Գողգոթայում»: Հիրավի, Էնգելսի այս խոսքերը մեզ հայտնի չէին` դրանք երբեք չեն թարգմանվել մեր լեզվով` Մարքսի և Էնգելսի հրատարակություններում:
Էնգելսին համոզող կապադովկյան այս հայտնագործություններին հաջորդեցին մյուսները` ավելի կարևորները: Մենք պիտի վերադառնանք սովետական աթեիստական գրականությանը: Ինչպես վկայում էին վերջինները` Քրիստոսի Հարությունը ժխտելու հիմնավոր պատճառ է Հարության մասին փաստերի բացակայությունը: Ո՞րն է, ուրեմն իրականության իսկությունը: Լաբիրիթիոսը իր պաշտոնակիցների հետ Քրիստոսի Հարության պահին գտնվում էր Նրա գերեզմանից ոչ հեռու: Նրանք պարզ տեսնում էին գերեզմանը փակող քարի գլորումը և այդ տեղի վրա բարձրացող աննման պայծառությամբ փայլող լուսեղեն մի կերպար: Լաբիրիթիոսը իր ուղեկիցների և պահակների հետ շտապեցին իսկույն հաղորդել այդ մասին իշխանավորներին: Հերմիդիոս հույնը Հուդայի կառավարչի մոտ կենսագրի պաշտոն էր զբաղեցնում: Մինչև խաչելությունը Քրիստոսին խաբեբա էր համարում: Դրա համար էլ, իր սեփական նախաձեռնությամբ, գիշերը գնում է գերեզմանի մոտ, ուր դրեցին Տիրոջ մարմինը, որպեսզի համոզվի, որ Քրիստոս չպիտի հարություն առնի, իսկ Նրա մարմինը հավերժ կմնա հողի մեջ: Բայց կատարվեց հակառակը. «Մոտենալով գերեզմանին,- գրում է Հերմիդիոսը,- այգաբացի թույլ լույսի մեջ մենք տեսանք գերեզմանի պահակներին. երկուսը նստած էին, իսկ մյուսները պառկած էին գետնին: Տիրում էր խոր լռություն: Մենք քայլում էինք շատ դանդաղ, և մեզնից առաջ անցավ պահակախումբը, որ գնում էր փոխելու նրանց, ովքեր գտնվում էին այնտեղ երեկոյան ժամից: Հետո, հանկարծ շատ լուսավոր եղավ: Մենք չէինք կարող հասկանալ, թե որտեղից է այդ լույսը: Բայց շուտով տեսանք, որ այն ճառագայթում էր վերևից` շարժվող շողափայլող ամպից: Եվ այն իջավ գերեզմանի մոտ, և գետնի վրա այնտեղ երևաց Մարդ, ոնց որ ամբողջությամբ լուսաշող: Հետո լսվեց ուժգին որոտի ձայն, բայց ոչ թե երկնքում, այլ երկրի վրա:
Այդ որոտի ձայնից պահակները սարսափահար վեր թռան և ընկան գետին: Այդ ժամանակ մեզնից դեպի աջ` նեղ արահետով գերեզման էր իջնում մի կին, և հանկարծ նա բղավեց.
«Բացվե՛ց, բացվե՛ց»: Եվ նույն վայրկյանին մենք տեսանք, թե իսկապես, շատ մեծ քար, որ դրված էր գերեզմանի մուտքին, կարծես ինքնիրեն բարձրացավ և բացեց գերեզմանը: Մենք շատ վախեցանք: Մի որոշ ժամանակ հետո գերեզմանի վրա լույսը անհայտացավ, տիրեց լռություն, ինչպես էր առաջ: Երբ մենք մոտեցանք գերեզմանի մուտքին, ապա տեսանք, որ այնտեղ մահացածի մարմինը արդեն չկար»:
Էյշուն` սիրիացի հայտնի մի բժիշկ, մոտ էր Պիղատոսին և բուժում էր նրան, պատկանում էր իր ժամանակի նշանավոր մարդկանց թվին: Երևելի բժիշկը և բնաբանը, որ ուներ մեծ համբավ Արևելքում և Հռոմում, գրեց աշխատություններ, որոնք կազմեցին գիտության մեջ մի դարաշրջան: Պատահական չէ նաև, որ պատմագետները համարում էին, որ նա՝ որպես բժիշկ, իրավացիորեն տեղ է գրավում հավասարապես Հիպոկրատի, Ցելսիուսի, Հալենիուսի և նույնիսկ Լեոնարդո դա Վինչիի շարքում, միայն թե այն հազվագյուտ լեզուն, որով նա գրում էր, չթողեց նրան հանրաճանաչ դառնալ: Կարևորն այն է, թե ինչպիսի՞ հանգամանքներում Է նկարագրում իր տեսածը Էյշուն: Պիղատոսի կարգադրությամբ, նա Հարության նախօրյակի երեկոյան գտնվում էր գերեզմանի մոտ՝ իր հետ հինգ օգնականներ ունենալով, որոնք միշտ ուղեկցում էին նրան: Ինքն էլ ականատես էր Քրիստոսի հուղարկավորման: Շաբաթ օրը նա երկու անգամ զննել էր գերեզմանը, իսկ երեկոյան, Պիղատոսի հրամանով, ուղևորվեց այնտեղ իր օգնականների հետ, որտեղ պիտի անցկացներ ամբողջ գիշերը: Տեղյակ լինելով Քրիստոսի Հարության վերաբերյալ մարգարեությունների մասին` Էյշուն և իր բժիշկ օգնականները հետաքրքրվում էին դրանով, որպես բնաբաններ: Դրա համար էլ մանրամասն հետազոտման էին ենթարկել ամեն ինչ, որ կապված էր Քրիստոսի և իր մահվան հետ: Երեկոյան ժամին իր օգնականները գնացին քնելու, բայց Հարությունից առաջ վաղուց արթնացել էին, և վերսկսեցին դիտարկումները բնության մեջ կատարվող երևույթի. «Մենք բոլորս` բժիշկներ, պահակներ և մնացածները,- գրում է Էյշուն, – առողջ էինք և արթուն, և լավ էինք զգում, ինչպես միշտ: Մենք ոչ մի կանխազգացում չունեինք:
Մենք բացարձակապես չէինք հավատում, որ մեռածը կարող է հարություն առնել: Սակայն Ինքը իսկապես հարություն առավ, և մենք այդ ամենը տեսանք սեփական աչքերով»: Ապա հաջորդում է Հարության դեպքի նկարագրությունը: Աշխարհի ամենախոշոր հնագետներից մեկը` ակադեմիկոս Վ. Պ. Վուզեսկուլը, ասում էր. «Քրիստոսի Հարությունը հաստատված է պատմական տվյալներով այնպիսի ճշտությամբ, ինչպիսին է գոյությունը Իվան Ահեղի կամ Պետրոս Մեծի…
Եթե ժխտենք Քրիստոսի Հարությունը, ապա պետք է նաև ժխտել, և ոչ պակաս հիմունքներով, գոյությունը Պիղատոսի, Հուլիուս Կեսարի, Ներոնի և այլն»:
Սա ընդամենը փոքր մասն է այն աղբյուրների, որտեղ ասվում է, թե Քրիստոս իսկապես հարություն առավ: Համառոտ կարող ենք թվարկել նաև այլ աղբյուրներ` Եպիփան Ափրիկեցի, Եվսեբիոս Եգիպտացի, Իպպոլիտոս Մակեդոնացի, Ամմիոն Ալեքսանդրացի, Սաբելիոս Հույն, Իսահակ Երուսաղեմացի, Կոնստանդին Կյուրսեցի և ուրիշներ: Սրանք ընդամենը Քրիստոսի ժամանակակիցներն են, որոնք գտնվում էին Երուսաղեմում, կամ մոտիկ էին Քրիստոսին, և դարձան հենց Հարության կամ այն հաստատող անհերքելի փաստերի ականատեսներ: Չափազանց կարևոր է, որ մի շարք ապացույցներ մենք գտնում ենք այն ժամանակվա հրեա հեղինակների մոտ, չնայած բավականին պարզ է, որ հրեաները հակված են ամեն կերպ թաքցնելու Հարության փաստը: Այն ժամանակվա հրեա գրողների մեջ, որոնք ուղղակի էին խոսում Հարության մասին, գտնում ենք այնպիսի վստահելի հեղինակների, ինչպիսիք են` ՈՒրիոա Գամիանացի, Շերբում-Օթոե, Մանաքիա բժիշկ, Նաբին, Միփերկանտես: Միփերկանտեսը հրեական Սինեդրիոնի անդամներից մեկն էր` գանձապահ էր: Հենց նրա ձեռքից էր Հուդան ստացել երեսուն արծաթը՝ որպես մատնության վարձ: Սակայն երբ Քրիստոսի Հարությունից հետո հրեաների մեջ տագնապ բարձրացավ, Միփերկանտեսը Սինեդրիոնի անդամներից առաջինն էր, որ ժամանեց այն տեղը` քննության համար: Նա համոզվեց, որ Հարությունը կատարվել էր: Նրան վիճակվեց լինել Տիրոջ գերեզմանի մոտ` անմիջապես Հարության պահից առաջ: Նա եկել էր այդտեղ` գերեզմանի մոտ կանգնած պահակներին վարձ տալու համար: Վարձը վճարելուց հետո նա գնաց, իսկ պահակները մնացին մինչև հերթափոխի վերջը: Սակայն Միփերկանտեսը չհասցրեց շատ հեռանալ, երբ հսկա քարը գերեզմանի մուտքից անհայտ մի ուժով դեն գցվեց: Վերադառնալով գերեզմանի մոտ՝ Միփերկանտեսը հասցրեց տեսնել գերեզմանի վրա անհայտացող լույսը: Այս ամենը նա նկարագրում է իր «Պաղեստինի կառավարիչների մասին» ստեղծագործության մեջ, որը պատկանում է Պաղեստինի պատմության առավել արժեքավոր և ճշմարտացի աղբյուրների թվին: Հռոմեական պատմագրության խոշորագույն մասնագետ, ակադեմիկոս Պետուշինի հաշվարկների համաձայն, ընդհանուր առմամբ, Քրիստոսի Հարության մասին վստահելի վկայությունների թիվը գերազանցում է 210-ը, որոշ այլ հաշվարկներով այն ավելի մոտ է 230-ի, քանի որ ակադեմիկոսի տվյալներին պետք է ավելացնել նաև այն պատմական հուշարձանները, որոնք գտնվեցին իր աշխատության գրվելուց ավելի ուշ:
Թրագմանությունը ռուսերենից`
Տ. Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ
Դարբասի հոգևոր հովիվ