Առաջարկվում է վերականգնել Հանրային հեռուստաընկերության գովազդ հեռարձակելու իրավունքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.am: Ազգային ժողովում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է գովազդ հեռարձակելուհնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը:
Օրենքի նախագծով նաև կարգավորվում են սոցիալական գովազդի հետ կապված հարաբերությունները՝ ժամը 00:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով»:
«Մինչև 2014 թ. Հանրային հեռուստաընկերությունն իրավունք է ունեցել առևտրային գովազդ հեռարձակելու, որը չէր կարող գերազանցել հաղորդումների 7%-ը, դրա արդյունքում առաջացել են ֆինանսական միջոցներ, որոնք հեռուստաընկերությունն օգտագործել է իր կարիքների համար»,- ասաց նա և հիշեցրեց, որ 2015-ից Հանրային հեռուստաընկերությունը զրկվել է առևտրային գովազդ հեռարձակելու իրավունքից:
«Սույն նախագծով սահմանվում է գովազդի իրավունքի վերականգնում, որը չի կարող տեղի ունենալ մեկ եթերաժամի հաշվարկով ավելի քան հինգ րոպե»,- ասաց փոխնախարարը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սասմոնյանն ասաց, որ մարդիկ հոգնել են գովազդից և Հանրային հեռուստաընկերությունում մարդիկ կարող են հետևել ծրագրերին առանց այդ դադարի: «Հանրային հեռուստանընկերության վարկանիշը պայմանավորված էր նրանով, որ այդ եթերով գովազդ չէր ցուցադրվում, մարդկանց չէին զզվացնում, հոգնացնում գովազնդերով»,-ասաց նա:
Վահե Դանիելյանն ասաց, որ կոնկրետ սահմանափակումներ են նախատեսված Հանրային հեռուստաընկերության համար: «Մասնավորապես սահմանված է ոչ ավել քան հինգ րոպե ի տարբերություն կոմերցիոն հեռուստաընկերություների որոնց համար սահմանված է մինչև 14 րոպե»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում