Արցախը երկու քարի արանքում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախում ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Զուգահեռ շատանում են խոսակցությունները, թե արդյոք տեղին է ընտությունները կազմակերպել այս օրերին, երբ օրեցօր Հայաստանում մեծանում է կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը։ Չնայած Արցախում դեռևս չեն հայտաբերվել վարակի դեպքեր, սակայն փորձը ցույց է տվել, որ այս վարակից ոչ ոք ապահովագրված չէ։
Ընտրությունների կազմակերպման հարցում հանրային-քաղաքական դաշտում առկա է երկու մոտեցում։ Մի կողմը պնդում է, որ պետք է հետաձգվեն ընտրությունները, քանի որ ընտրատեղամասերում մարդկանց կուտակումները հակասում են հակավիրուսային պայքարի ընդունված քաղաքականությանը։ Թեկնածուներից վեցը (ներառյալ Մասիս Մայիլյանը) արդեն իսկ համաձայնվել են ընտրությունները հետաձգելու գաղափարին։ Վիտալի Բալասանյանը, ըստ էության, նույնպես կողմ է դրան։ Նա առաջարկել է Արցախում հայտարարել արտակարգ դրություն, ինչը ենթադրում է, որ այդ ընթացքում ընտրություններ չեն կարող տեղի ունենալ։
Հակառակ ճամբարում պնդում են, որ դեռևս անհայտ է որքան կտևի վիրուսի տարածումը և քանի դեռ Արցախում չկան վարակվածներ, պետք է հնարավորինս շուտ կազմակերպել ընտրությունները։ Այսպիսի տեսակետ ունի թեկնածուներից Արայիկ Հարությունյանը։
Երկու կողմերի փաստարկները տրամաբանական են։ Սակայն երկու դեպքում էլ կան ռիսկեր, որոնց մասին արժե խոսել։
Եթե չհետաձգվեն ընտրությունները առաջին հերթին վտանգ կա, որ կարող է քաղաքացիների մասնակցության պակաս լինի։ Այս օրերին, երբ ամբողջ աշխարհում մարդկանց կոչ են անում տանը մնալ, արցախցիները գուցե զգուշանան ընտրությունների գնալուց։ Սա նաև լավ արդարացում կլինի նրանց համար, ովքեր առանձնապես հետաքրքրված չեն ընտրություններով։ Այս պայմաններում կտուժի ոչ միայն հաղթող թեկնածուի, այլ առհասարակ ընտրությունների լեգիտիմությունը։
Իրավիճակը ավելի կբարդանա, եթե օրինակ, ընտրությունների նախորդ օրերին պարզվի, որ վարակը թափանցել է նաև Արցախ։ Սա անկառավարելի վիճակ կստեղծի։ Ավելորդ է ասել, որքան կտուժի մասնակցությունը, անգամ կարող է ընտրության օրը նվազագույն մասնակցության շեմը չհաղթահարվի, ինչը ավելորդ լարվածություն կստեղծի Արցախում։
Բացի այդ կա ևս մեկ կարևոր հանգամանք։ Դա միջազգային հանրության ներկայության անհնարինությունն է, կամ քանակական սահմանափակումները։ Այս օրերին արտաքին աշխարհի հետ կապը գրեթե ընդհատվել է։ Գումարած սրան Արցախը առանց այն էլ միջազգային հանրության համար ամենահաճախ այցելվով վայրերից չէ։ Սա նշանակում է, որ կարևոր հնարավորություն կկորսվի՝ արտաքին աշխարհին Արցախի սուբյեկտայնությունը և ժողովրդավար լինելը ևս մեկ անգամ ցույց տալու համար։
Այն դեպքում, եթե ընտրութունները հետաձգվեն, ապա կա վտանգ, որ ներքին լարվածությունը ավելի կմեծանա՝ իշխանության համար պայքարի առումով։ Իշխանության խաղաղ անցումը կարող է պարպել այդ լարվածությունը, եթե իհարկե ընտրությունների արդյունքը լինի ընդունելի բոլորի համար։ Այս ընթացքում որոշ թեկնածուների ձեռամբ հանրային դիսկուրսը բավական բևեռացել է, ինչը նաև իր տեղային դրսևորումները ստացավ իրական կյանքում։ Չկա երաշխիք, որ այս երևույթները ավելի չեն սրվի, թեև չպետք է նաև մոռանալ, որ վիրուսի տարածումը կարող է հասարակական համախմբման համար կարևոր գործոն լինել։
Իհարկե դեռևս հայտնի չէ որքան ժամանակ Հայաստանում կտևի կորոնավիրուսի տարածումը, հետևապես դժվար է կանխատեսել նաև, թե հետաձգելու դեպքում որքան կշարունակեն կառավարել գործող իշխանությունները։ Տնտեսական գալիք խնդիրները նույնպես կարող են անբարենպաստ հող ստեղծել այս առումով։ Գործող իշխանություններն արդեն «ճամպրուկները հավաքել են» և նոր ծրագրեր ու ռազմավարական լուծումներ առաջարկելը դժվար կլինի նրանց համար։
Այսպիսով, նախքան ընտրություններն Արցախի գործող իշխանությունները ևս մեկ ընտրություն պետք է կատարեն՝ երկու դեպքում էլ ռիսկի դիմելով։ Վիրուսի տարածումը արգելափակել հնարավոր չէ, ընտրություններն անվերջ հետաձգել՝ նույնպես։ Հետևապես, ընտրությունը ցավոտ է լինելու, հենց այդ պատճառով էլ պետք է հնարավորինս մեծ կոնսենսուս ստեղծվի այդ որոշման շուրջ և այդ որոշումը պետք է կայացվի բոլոր թեկնածուների հետ միասին, մեկ սեղանի շուրջ։
Կարեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում