Վրաստանի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվում. կարգելվի ավտոբուսների և մետրոյի աշխատանքը. РИА Новости
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է, որ ողջ երկրով մեկ սահմանված կարանտինային ռեժիմը ենթադրում է հասարակական տրանսպորտով տեղաշարժի և փողոց դուրս գալու արգելք 70 տարեկանից բարձր անձանց համար:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երկրի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ հայտարարելու որոշման մասին վրաց վարչապետը հայտարարել է երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ: Բացի այդ, 21:00-ից մինչև 06:00-ն պարետային ժամ է հայտարարվում: Երկրում նաև արտակարգ դրության ռեժիմ է գործում մինչև ապրիլի 21-ը:
«Ամբողջովին արգելք է սահմանվում ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով տեղաշարժման համար, այդ թվում՝ մետրոյով: Թույլատրվում է տեղաշարժվել մարդատար ավտոմեքենայով, այդ թվում՝ տաքսիով, սակայն միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն Առողջապահության նախարարության խորհուրդներն ու մեքենայում 3-ից ավել մարդ չգտնվի: Արգելվում է նաև 3-ից ավել մարդկանց հավաքը որևէ վայրում՝ բացառությամբ մթերային խանութներն ու դեղատները, որտեղ մարդկանց միջև պետք է 2 մետր հեռավորությունը պահպանվի»,- ասել է Գախարիան:
Նա նշել է նաև, որ 70-ից բարձր տարիքի անձանց արգելվում է դուրս գալ տանից, եթե նրանք չեն գնում մոտակա մթերային խանութ, մոտակա դեղատուն կամ մոտակա բուժհաստատություն: Տնից դուրս գալիս՝ բոլոր մարդիկ պետք է անձը հաստատող փաստաթուղթ ունենան:
Մարդկանց տեղաշարժը վերահսկելու և ջերմության ստուգում իրականացնելու համար անցակետեր կսահմանվեն Թբիլիսի, Բաթում, Քութայիս, Ռուսթավի, Փոթի, Զուգդիդ և Գորի քաղաքներում:
Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100-ի, որոնցից 18-ն ապաքինվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում