«Փաստ»․ Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղորորտի կարևոր նշանակությունը
Նմանատիպ
«Տնտեսվարողների համար կառավարությունը նախատեսել է 150 միլիարդ դրամի ծրագիր, որում առաջնահերթությունը տրված է գյուղատնտեսությանը: Մասնավորապես կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերով սահմանված սուբսիդավորման չափաքանակների փոփոխություն և համաֆինանսավորման օժանդակության ձևերի կիրառում։
Իհարկե, դրական է, որ կառավարությունը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության զարգացմանը, բայց հարցն այն է, թե ինչու են գյուղոլորտում միայն հիմա նման խոշորամասշտաբ ծրագրեր կյանքի կոչվում, երբ կարելի էր դա անել նաև նախկինում, և մեր գյուղատնտեսությունն ավելի բարվոք վիճակում կլիներ այսօր։
Իշխանությունները հենց իրենց կառավարման սկզբից էլ ցույց տվեցին, որ գյուղոլորտին առանցքային նշանակություն չեն հատկացնում։ Թերևս դրանով էր պայմանավորված նաև, որ շատ հանգիստ վերացրին գյուղատնտեսության նախարարությունը՝ այն միացնելով էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ պատահական չէ, որ գյուղոլորտի ներկայացուցիչները բողոքում են, թե էկոնոմիկայի նախարարությունն այդքան էլ տրամադրված չէ զբաղվել գյուղատնտեսության խնդիրներով, և իրենց ձայնը չի հասնում կառավարությանը։
Եվ գյուղատնտեսության ոլորտի բարձիթողի վիճակի մասին էր փաստում նաև այն, որ Հայաստանը, լինելով գյուղմթերքներ արտահանող երկիր, վերջին շրջանում սկսել էր մեծ քանակությամբ մթերքներ ներկրել դրսից, անգամ կարտոֆիլ էր ներկրվում այնպիսի երկրից, ինչպիսին Պակիստանն է, որն անգամ չի ճանաչում Հայաստանի անկախ պետականության գոյությունը և սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։
Ուստի լիովին տրամաբանական է, որ 2019 թվականին, երբ տնտեսության այլ ոլորտներ բարձր աճ էին գրանցում, գյուղատնտեսության ոլորտում «տրամադրությունները» հիմնականում անկումային էին, ինչն ամենամեծ վկայությունն է այն բանի, որ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտը հայտնվել էր անտեսված վիճակում։
Իրականում գյուղատնտեսությունն աչքի է ընկնում ռիսկայնության բարձր մակարդակով և մեծ կախվածություն ունի կլիմայական և եղանակային պայմաններից։ Ուստի նաև դրանով է պայմանավորված, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարությունը պետք է պահի իր հատուկ հոգածության ներքո և պարբերաբար սուբսիդավորի։
Ի վերջո, գյուղատնտեսությունը լուծում է այնպիսի կարևորագույն խնդիր, ինչպիսին երկրի պարենային անվտանգության հարցն է, որն իշխանությունների նախընտրած ՏՏ ոլորտը չի կարող լուծել, ուստի պետք է նկատի ունենալ, որ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։
Իսկ գյուղատնտեսության զարգացմանը հասնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է կիրառել նորագույն տեխնոլոգիաների նվաճումները, ինչի ուղղությամբ կառավարությունը չպետք է հապաղի։ Այս առումով կարող ենք հաշվի առնել նաև աշխարհում կիրառվող փորձը։ Եվ շատ երկրներ, ինչպես, օրինակ՝ Քաթարը կամ Իսրայելը, որոնք չունեն համապատասխան հողային ռեսուրսներ և բարենպաստ կլիմայական պայմաններ, իրենց պարենային անվտանգության խնդիրը լուծում են նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով։
Իսկ ներկայիս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը պարենի ապահովման խնդիր ունի, պարենային ապրանքների գները բարձրացել են և ավելի դժվար է դարձել դրանց ձեռք բերումը, ՀՀ կառավարությունը ստիպված է լինում անցնել կտրուկ քայլերի։ Փաստորեն ստացվում է, որ պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցի գյուղատնտեսության ոլորտի առանցքայի նշանակությունը Հայաստանի պարենային անվտանգության տեսանկյունից։ Թեպետ, ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում