Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումները զգալիորեն կճնշեն տնտեսական ակտիվությունը 2020-ին։
Ըստ ԿԲ կանխատեսումների՝ 2020թ. տնտեսական աճը կկազմի 0․7 %։ Այս մասին նշված է ԿԲ կայքում հրապարակված «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2020թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» փաստաթղթում։
Նշենք, որ անցած տարվա վերջին ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում էր 5,3% տնտեսական աճ, իսկ Կառավարությունը՝ 4,9%: Այսինքն՝ նոր գնահատականների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ։
Տնտեսական ակտիվության դանդաղումը ակնհայտորեն կազդի հարկերի հավաքագրման վրա և ԿԲ-ն գնահատել է պահպանողական սցենար, ինչը ենթադրում է 2019 թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշի պահպանում։ Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկն ակնկալում է, որ տնտեսական աճը կվերականգնվի արդեն 2021-ին և կարող է կազմել 7,2%:
Կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումների բացասական ազդեցությունը, ըստ Կենտրոնական բանկի՝ հիմնականում կնյութականանա 2020-ի երկրորդ եռամսյակում, որից հետո, անորոշությունների նվազմանը զուգընթաց, տնտեսությունն աստիճանաբար կվերադառնա իր բնականոն ընթացքին։ Բացասական ազդեցություն կկրեն տնտեսական բոլոր ճյուղերը, սակայն ավելի խոցելի են տուրիզմի և ժամանցի հետ սերտ առնչություն ունեցող ոլորտները։
Կանխատեսվում է նաև, որ բավականին կնվազեն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները՝ պայմանավորված նավթի գների կտրուկ անկման պարագայում Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ և ռուբլու արժեզրկմամբ։ Մասնավոր փոխանցումների նվազումը կլինի 16-19 %-ի միջակայքում։
Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալները կնվազեն՝ 5-7%-ով։ Ներքին թույլ պահանջարկի պայմաններում ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական ծավալները նույնպես կկրճատվեն՝ ձևավորվելով 9-11% միջակայքում։ 2019-ին արտահանման իրական աճը կազմել էր 10․3%, իսկ ներմուծման աճը՝ 9․1%:
Ըստ ԿԲ-ի՝ գնաճը առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր մակարդակում՝ 2020-ի վերջին կազմելով 1․9 %, միջնաժամկետ հատվածում աստիճանաբար կմոտենա նպատակային ցուցանիշին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում